BRICS-ի երկրներն ստորագրել են մշակութային համագործակցության պայմանագրի իրագործման պլան
BRICS-ի երկրների մշակույթի նախարարները հուլիսի 6-ին ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի իրագործման գործողությունների համատեղ հնգամյա պլան: Փաստաթուղն ստորագրվել է Չինաստանի Տյանցզինում BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) մշակույթի նախարարների հանդիպման ընթացքում:
BRICS-ի երկրների մշակույթի նախարարությունները, վերլուծելով վերջին տասնամյակի մշակութային փոխանակման եւ համագործակցության արդյունքները, հավաստել են դրանց կարեւոր դերը հինգ երկրների փոխըմբռնման եւ համակողմանի երկխոսության զարգացման բնագավառում:
Գործողությունների պլանն ընդգրկում է 2017-ից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակահատվածում մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, այդ թվում մշակութային ժառանգության պահպանման եւ փոխադարձ փոխանակումների բնագավառում:
Կողմերը նաեւ ստորագրել են BRICS-ի երկրների Գեղարվեստական թանգարանների եւ պատկերասրահների դաշինքի, BRICS-ի Մանկական թատրոնների ասոցիացիայի, Թանգարանների դաշինքի եւ Գրադարանների դաշինքի ստեղծման մտադրությունների արձանագրություններ:
Բոլոր հինգ երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օժանդակելու գործողությունների պլանի կատարմանը՝ BRICS-ի շրջանակներում էլ ավելի սերտ համագործակացության զարգացման նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: