Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան
Այսօր` մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա էր նաև աշխարհահռչակ շանսոնյեն: Բալետային ներկայացումը բեմադրված էր Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա` «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:
Ներկայացումը տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության, «Բալետ 2021» հիմնադրամի և լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակների աջակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էր ներկայացման բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը` «Լա Բոհեմ»-ը ժամանակակից բալետի լեզվով բացահայտում է լեգենդար շանսոնյեի բնույթը՝ մի անձի, որը կյանքի և սիրո ճանապարհին առնչվում է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հաղթահարում է դրանք՝ իրագործելով իր երազանքը: Նա աստղ է դառնում: Ավելի ուշ փորձառու և իմաստուն մարդու հայացքով գնահատում է այն աշխարհը, որը հարստացվել է նաև իրենով: Նա կենդանի լեգենդ է. հավերժության մեջ իրար է հյուսում անցյալն ու ապագան:
Լրագրողների հետ զրույցում ներկայացման գլխավոր դերակատարներից մեկը` 26-ամյա Գարեգին Բաբելյանը, որը կերտում էր հենց Ազնավուրի կերպարը, ասաց. «Վերջերս երբ բեմական փորձեր էինք անում, ես էլ անընդհատ բեմի վրա էի, ամեն անգամ այդ երգերը յուրովի էի փորձում զգալ, կատարել: Իհարկե, շատ դժվար է զգալ այն, ինչ ինքն է զգացել, բայց փորձում եմ կերտածս կերպարը մաքսիմալ մոտեցնել իրեն: Այս ներկայացման մեջ կա հետաքրքիր խորեոգրաֆիա և բարդ հոգեվիճակներ»:
Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ Ազնավուրի ներկայությունը, իհարկե, լարվածություն և հուզմունք է առաջացնում: «Երբ կանգնած ես լինում այնպիսի մարդկանց կողքին, որոնք գլուխգործոցներ են ստեղծել, ում ամբողջ աշխարհը գիտի և լսում է, իհարկե, հուզիչ է, որովհետև կանգնում ես պատմության կողքին: Սա միշտ սթափեցնում է և սկսում ես մտածել` ինչի՞ է ընդունակ մարդը: Մարդն ընդունակ է ամեն ինչի և այս երաժշտական գլուխգործոցները, որ նա է ստեղծել, դարձել են աշխարհահռչակ երգեր»,- նկատեց նա: Կ. Օրբելյանի համոզմամբ`այս նախագիծը հրաշալի ճակատագիր է ունենալու:
Կան պլաններ այս նախագիծը միացնելու Միշել Լեգրանի երաժշտությունների հետ և ստանալ մեկ ներկայացում: Բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը մի փոքր մանրամասնեց և ասաց. « Ներկայացումը նաև 2-րդ բալետային կտոր է ունենալու, որին միանալու է Միշել Լեգրանի երաժշտությունը: Այսօր լինելու է միայն ներկայացման 40 րոպեն` «Բոհեմը», իսկ 2-րդ մասը կլինի աշնանը: Ներկայացվելու է «Շերբուրգյան անրձրևանոցների» պատմությունը: Շառլ Ազնավուրի և Լեգրանի երաժշտությամբ ուզում ենք ֆրանսիական կապ ստեղծել: «Բոհեմը» լինելու է առանձին` մեկ գործողությամբ, Լեգրանինն էլ առանձին, ուղղակի դրանք կընդգրկվեն մեկ երեկոյի մեջ»:
Ռուդոլֆ Խառատյանի խոսքով `արտերկրում արդեն շատ մեծ հետաքրքրություն կա, անգամ պատվերներ կան և նա ուղարկել է տվյալները, թե ինչ դեկորներ են, ինչ հագուստներ, որպեսզի տեղափոխում իրականացվի: Հետաքրքված երկրներից մեկը Շվեյցարիան է: Արտերկրում ելույթների ձևաչափը դեռ հստակ չէ, նրա խոսքով` կարող է և′ մեկնեն շրջագայությունների, և′ բեմադրեն այնտեղ, բայց Ռուդոլֆ Խառատյանն ասաց, որ նա ավելի շատ կուզեր, որ հայ պարողները շրջագայությամբ գնային արտերկիր:
Լրագրողների հարցին, թե ո՞րն էր ամենադժվար մասը իր աշխատանքի, նա պատասխանեց. «Ամենադժվարը միշտ նույնն է. երբ նկարում ես, ներկերի հետ գործ ունես, նրանց հետ կռիվ ես անում, այստեղ կենդանի պարողներ են, որոնք միշտ չէ` կարող են կատարել քո մտածածը: Շատ հաճախ էլ լինում է, որ իրենք էնպիսի բաներ են անում, որ դու չես պատկերացնում, որ կարող էին: Ա′յ, այս միասնությունը, այս գործընթացը ամենահետաքրքիրն է և միաժամանակ ամենադժվարը»:
Երբ սկսվեց ներկայացումը և դահլիճ մտավ շանսոնյեն, բոլորը հոտնկայս և բարձր ու երկար ծափողջույններով դիմավորեցին նրան, նույն պատկերն էր նաև ներկայացման վերջում, բայց այս անգամ ծափողջույններն ուղղված էին թե′ Շառլ Ազնավուրին, թե′ պարողներին:
Ներկայացման ավարտից հետո 168.am-ը զրուցեց հանդիսատեսի հետ:
Կարծիքները տարբեր էին. «Հրաշալի էր: Չդիտելը հանցագործություն է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Մեկ այլ հանդիսատեսի կարծիքով` երաժշտությունը հոյակապ էր, բայց բեմադրությունը` ոչ. «Բալետ չկար, Փարիզ չտեսա, Փարիզ էի ուզում»:
Մեր մեկ այլ զրուցակիցն էլ հյուր էր Հայաստանում և եկել էր ներկայացման դիտմանը. «Շատ է դուրս եկել, խոսքեր չունեմ, այնքան էմոցիաներ կան»:
Ներկայացումից հատվածներ կարող եք դիտել տեսանյութում
Լուսանկարները՝ armtimes.com-ի
Ռոզա Հակոբյան