Բաժիններ՝

«Քաջությունն ընդունված կանոններով չառաջնորդվելն է, հասարակության պարտադրած կարծրատիպերը մերժելը, սեփական ուղին փնտրելը, մենակությունից չվախենալը». Արփի Ոսկանյան

Մասնագիտությամբ արվեստաբան, գրող Արփի Ոսկանյանը հեղինակել է «Ծիկ», «Անտերուդուս», «Չի վաճառվում» գրքերը և « Ռոնալդինյոն ևՄարադոնան» ֆուտբոլային հեքիաթը: 2011 թվականին գրող Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողուցավ» կայքը` որպես ակտուալ գրականության հարթակ: Նրա հետ զրուցել ենք արվեստի ու քաղաքականության, հասարակության մեջ կնոջ դերի մասին:

Տիկին Ոսկանյան, ինչպե՞ս եք սովորաբար ներկայանում, երբ նոր մարդկանց հետ եք ծանոթանում։ Ո՞վ եք Դուք։

– Ասում եմ անունս, և, եթե այլ մանրամասների կարիք չկա, չեմ նշում դրանք։ Պաշտոնական դիմելաձևը չեմ սիրում, անուն-հայրանունով դիմելաձևը չեմ կարողանում առանց ժպիտի օգտագործել, չեմ կարողանում լուրջ վերաբերվել մարդկանց, որոնց ընդունված է դիմել այդպես։ Գերադասում եմ դիմել անվամբ և սիրում եմ, որ ինձ են դիմում այդպես։ Ինձ համար էականը մարդու տոհմը, նրա հայրը, ամուսինը կամ նրա վաստակը, կոչումներն ու մրցանակները չեն, այլ հենց անձը և այն մարդկային ջերմությունը, որ հենց այդ պահին մարդը կարող է տալ իր շրջապատի մարդկանց, նրա կենդանության աստիճանը։

Կարդացեք նաև

Մի անգամ նշել եք, որ «դիսլայքը» Ձեզ համար ամենաբարձր գնահատականն է արդյոք նեգատիվի մեծ քանակը, այնուամենայնիվ, չի՞ սպառում։

– «Դիսլայքն» ազատություն է տալիս հասարակական կարծիքից։ Երբ չես հայցում փառք, մրցանակներ, հարգանք, կարող ես իսկապես նոր բան անել։ Մարդիկ կարողանում են գնահատել հիմնականում այն, ինչ իրենց ծանոթ է, իսկապես նորը գնահատելիս նրանք չեն կողմնորոշվում, առավել հակված են «դիսլայքի», որովհետև դա նման չէ իրենց ծանոթ արժեքներին։ Եթե կարող ես գոյատևել առանց «լայքի», հնարավոր է՝ նոր բան անես, բայց եթե չես կարող, դատապարտված ես քո ստեղծագործության մեջ ապրելու և վերարտադրելու քեզնից առաջ ապրածների կյանքը։ Նույնը նաև կյանքում է։ Եթե ուզում ես, որ հայրիկդ ու մայրիկդ քեզնով հպարտանան, ստիպված ես ապրել հաջողակության շաբլոն սցենարներով։ Եթե ուզում ես երջանիկ լինել ու անընդհատ փնտրում ես քո ճանապարհը, պիտի պատրաստ լինես, որ ծնողներդ քեզնով չեն հպարտանալու։

Դուք միշտ նշում եք, որ գրականությունը չպետք է օգտագործել՝ որպես ալիբի, և, որ գրականությունն ու քաղաքականությունը չեն կարող կապ չունենալ։ Հայաստանում տիրող այսօրվա քաղաքական իրավիճակն ինչպե՞ս պիտի ազդի գրականության ու արվեստի վրա, որ այն համարեք իսկական։

– Անկախ նրանից, թե ինչպես կազդի կամ ինչպես է ազդում քաղաքականությունն ընթացիկ գրականության վրա, պետք չէ պատրանքներ ունենալ, թե քաղաքականությունից ազատ տարածք կա գրականության համար։ Նույնսկ ամենաներանձնային, ամենամաքուր գրականությունը քաղաքականության ծիրում է։

Ասում են, որ այն ստեղծագործությունները, որոնք գրվում են գրողի կյանքի, փորձառության ու ես-ի կողմից, անհամեմատ ավելի իսկական են ու գտնում են ընթերցողների մեծ բանակ։ Ըստ Ձեզ՝ ինչքա՞ն պիտի լինի գրողի այդ հանրայնությունը։ Չի՞ խանգարելու դա հետագայում։

– Սերը պարտավորեցնող և կաղապարող բան է։ Այն պահից, երբ գրողը դառնում է իր ընթերցողների սիրո, հավանության կամ «լայքի» գերին, գրականության համար նա ավարտված է։ Դա կատարվում է հիմնականում կայացած գրողների հետ։ Նրանք հաճախ արտագրում են իրենց ստեղծագործությունները և իրենց ստեղծագործության մեջ վերարտադրում գուցեև իրենց, բայց արդեն անցած կյանքը։ Դա շատ նուրբ և շատ տխուր բան է։ Փառքը միշտ լինում է հետմահու, նույնիսկ, եթե այն վայելող գրողը կենսաբանորեն և հոգեպես միանգամայն ողջ է։

Տիկին Ոսկանյան, Դուք մայր եք ու ունեք որդի։ Կպատմե՚ք Ձեր որդու մասին։ Երեխայի «ճիշտ» դաստիարակության մասին Ձեր պատկերացումները որո՞նք են։

– Դաստիարակության հատուկ ուղեցույց չունեմ։ Ես չեմ կարող տալ տղայիս նույն դաստիարակությունը, ինչ իմ մայրն է տվել ինձ։ Առաջին հերթին՝ որովհետև աշխարհն այդ օրերից հետո անճանաչելիորեն փոխվել է։ Այսինքն՝ ստիպված եմ անդադար լուծումներ փնտրել բարոյական զանազան խնդիրներին, որ ծառանում են մեր առջև ամեն օր։

Սակայն կարծում եմ՝ այդ լուծումներն իմ լուծումներն են, դրանցով ես ինքս ինձ եմ դաստիարակում, ինքն իրենը, այսպես թե այնպես, ստիպված է լինելու հայտնագործել։ Այդ առումով աշխատում եմ չստել տղայիս, թե իրեն տալու շատ բան ունեմ։ Եվ առհասարակ աշխատում եմ ազնիվ լինել հետը։ Եթե գեղարվեստական կամ կրոնական խնդիր է, ցույց եմ տալիս պայմանականության սահմանը։ Երեխաները շատ լավ են զգում այդ սահմանը՝ նաև առանց ցույց տալու։ Ես նրան չեմ ասում՝ ա՛յ սա հեքիաթն է, բայց չփորձես կրկնել հեքիաթի հերոսի վարքը քո կյանքում, որովհետև կյանքը հեքիաթ չէ։

Ինքը գիտի, որ իսկական հեքիաթը կյանքն է՝ տիեզերքը, դինոզավրերը, Երկրի անցյալն ու ապագան, գիտնականները, նկարիչները, մարդիկ, որոնց ճանաչում ենք։ Հեքիաթներն իրեն չեն հետաքրքրում, քնելուց առաջ ստիպում է, որ իր համար հանրագիտարաններ կարդամ։ Իսկ երբ հաջողվում է համոզել, որ հեքիաթ լսի, ասում է՝ չկարդաս, արի հորինենք։ Իրար հետ զվարճալի հերոսներ ու պատմություններ ենք հորինում։

Ընտանի՞ք, թե՞ կարիերահավերժական դիլեմայի Ձեր լուծումը ո՞րն է։

– Ես այդ երկուսից ոչ մեկը չեմ ընտրել։ Կարիերան արվեստում գռեհիկ է հնչում, իսկ ընտանիքի պաշտամունքը զզվելի է և ստիպում է կասկածանքով վերաբերվել այդ ինստիտուտին։ Ես ամուսնացել եմ ոչ թե ընտանիք կազմելու համար, այլ՝ որովհետև սիրել եմ։ Ընտրել եմ գրականությունն ու սերը, մնացյալն ածանցյալն է։

Սոցիալական կայքերում հաճախ եք գրում Ձեր տղայի մասին, Ձեր սերն ու հպարտությունը անհնար է չզգալ այդ գրառումներում։ Իսկ ո՞րն է այն դեպքը, որը ստիպել է ամենամեծ հպարտությունն ապրել որդու համար։

– Երեխաները հրաշք են, բոլորը։ Ես շատ եմ սիրում նաև այլոց գրառումներն իրենց երեխաների մասին։ Երեխաներից սովորելու շատ բան կա։ Ես տղայիցս շատ բան եմ սովորել։ Բայց իսկապես հպարտանալու առիթները, կարծում եմ, առջևում են։

Ո՞ր գծերն եք ամենից շատ գնահատում տղամարդու մեջ։

– Տղամարդուն և առհասարակ մարդուն գնահատում եմ՝ որպես անհատականություն իր ամբողջության մեջ, բայց եթե անպայման ինչ-որ հատկանիշ պետք է նշել, ապա՝ երևի քաջությունը։ Քաջությունն անպայման թվանքն առնելը, թշնամուն գյուլլելը չէ։ Քաջությունն ընդունված կանոններով չառաջնորդվելն է, հասարակության պարտադրած կարծրատիպերը մերժելը, սեփական ուղին փնտրելը, մենակությունից չվախենալը։ Այդպիսի մարդիկ են փոխում իրականությունը։ Իսկ կենցաղում իմ պահանջն ինձ հետ ապրող տղամարդուց մեկն է՝ որ չխեղդի ինձ կենցաղի մեջ, որ խնամքով վերաբերվի ինձ ու մեր հարաբերություններին։

Այսօր ավելի ու ավելի շատ կանանց մասին ենք լսում, ովքեր մեծ հաջողությունների են հասել ամենատարբեր ոլորտներում, բայց, այնուամենայնիվ, կարծրատիպը, թե կինն այսինչ բանը չի կարող անել, նրա մոտ չի ստացվի, կամ տղամարդն ավելի լավ դա կանի, կարծես թե չի վերացել։ Ինչո՞ւ է այդպես։

– Որովհետև մենք ապրում ենք տղամարդկանց աշխարհում։ Քանի՞ մեծ կին արվեստագետի կամ գրողի անուն գիտեք։ Վստահ եմ՝ անունները, որ հիմա հիշում եք, ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել, և հիմնականում այլ հայտնի տղամարդ արվեստագետների կանայք կամ սիրուհիներն են։ Տղամարդկանց աշխարհում կանանց անունները մոռացության են մատնվել դարեր շարունակ։ Այսօր հավասարակշռող միտում է նկատվում Արևմուտքում, բայց Հայաստանում դրա արձագանքները չեն երևում։ Կանանց այստեղ լուրջ չեն վերաբերվում։ Դա շատ պարզ է երևում, օրինակ, հրատարակիչների և գրականագետների գործունեությունից։

– 21-րդ դարում ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած կինն առհասարակ, և Հայաստանում՝ հատկապես։

– 21-րդ դարում ընտանիքի ինստիտուտը գնալով լուծարվելու է, և կանայք ստիպված են լինելու որոնել իրենց ընտանիքից դուրս։ Այդ թվում՝ հայ կանայք։ Շեշտվելու է կնոջ ոչ թե լավ կին ու լավ մայր լինելու անհրաժեշտությունը, այլ լավ մասնագետ լինելու։ Այս գործընթացն անկասելի է։

Շատ աղջիկներ Հայաստանում (մարզերում՝ հատկապես) նախընտրում են շուտ ամուսնանալ, երեխա ունենալ ու կյանքը սահմանափակել ընտանիքով, և վերջ։ Մյուս կողմից էլ վերջերս ավելի հաճախ ենք լսում, որ հասուն, լավ կրթություն ստացած, կայացած ու ֆինանսապես ապահովված կանայք միայնակ են։ Սա որևէ բացատրություն ունի՞։

– Պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում՝ միայնակ։ Այսինքն՝ չունեն տղամա՞րդ իրենց կողքին, թե՞ չունեն ամուսին, ապրում են մենա՞կ, թե՞ ծնողների հետ։ Ի վերջո, նույնիսկ իսկապես մենակը դեռ չի նշանակում՝ դժբախտ կամ անհաջողակ։ Հասարակության կարծրատիպերից է, որ, եթե կնոջ կողքին ամուսին չկա, ուրեմն նա իբրև կին չի հաջողել, իսկ մյուս հաջողություներն էլ էական չեն։ Դա մեր հասարակության պատրանքներից է ու ինքնամխիթարանքներից։ Որովհետև իրական երջանկությունը հիմնականում այդ հասարակության պատկերացրած շրջանակներից դուրս է։


Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաարժեքավոր խորհուրդը, ո՞վ է այն տվել։

– Ամենաարժեքավոր խորհուրդը տվել է ավագ եղբայրս, ով մեծ է ինձնից 20 տարով։ Նա ինձ հիշեցրել է, որ մենք ենք ընտրում այն մարդկանց, ում հետ պիտի շփվենք, և դա մեր անօտարելի իրավունքն է։ Տեսականորեն այդ մասին բոորս էլ գիտենք, բայց գործնականում դժվարանում ենք կիրառել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարեկամական-ընտանեկան կապերին, և շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ հիշեցնել մեր իմացածը։

Ի՞նչ ֆիլմ, գիրք ու երաժշտություն կառաջարկեք, որ պարտադիր պետք է նայել/կարդալ/լսել։

– Արվեստի մեծ ստեղծագործությունները երբեք միայնակ չեն լինում, հնարավոր չէ նրանց զատել՝ որպես ինչ-որ եզակի մի բան, ինչպես կարելի է խոսել կրոնական նշանակություն ունեցած տեքստերի մասին։ Արվեստի մեծ ստեղծագործությունները միշտ երկխոսության մեջ են այլ ստեղծագործությունների հետ։

– Ձեզ Համարձակ համարո՞ւմ եք։ Կա՞ ինչոր գաղափար հիմա, որը անելու համար չի հերիքի համարձակությունը։

– Այնպես է ստացվել, որ բոլոր գաղափարները, որ ես փորձել եմ իրականացնել, քաջություն են պահանջել։ Հիմա էլ ունեմ մի քանիսը, և ինձ չհերիքողը միայն ժամանակն է։

ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս