BabyHOME. հայկական ուսուցողական հարթակ՝ 2-9 տարեկան երեխաների համար
BabyHOME.am-ը 2-9 տարեկան երեխաների համար զվարճալի և ուսուցողական խաղերի հսկայական տիրույթ է: Այս ուսուցողական կայքը նախատեսված է ծնողների և երեխաների համար։ Կայքը նպատակ ունի խթանել երեխայի համապարփակ զարգացումը և ավելացնել նրա գիտելիքների բազան՝ խաղերի, հետաքրքիր նյութերի, տեսահոլովակների և այլնի օգնությամբ։
Կայքի հեղինակները նշում են, որ տեղադրված բոլոր նյութերն ի սկզբանե ուսումնասիրվում են մանկական հոգեբանների կողմից, այնուհետև տեղադրվում կայքում։ Կայքը նախատեսված է ոչ միայն 2-9 տարեկան երեխաների, այլև նրանց ծնողների համար։
Կայքի հեղինակները նշում են, որ BabyHOME.am-ը մի հարթակ է, որտեղ երեխան կարող է 30 րոպե ռացիոնալ տնօրինել իր ժամանակը:
«30 րոպեն՝ ըստ մանկական հոգեբանների, այն առավելագույն ժամանակահատվածն է, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի առջև մեկ օրվա ընթացքում»։
Կայքի խաղերը մշակված են՝ հիմք ընդունելով հոգեբան Հովարդ Գարդների բազմակողմանի ինտելեկտի զարգացման տեսությունը։
BabyHOME.am կայքում առկա խաղերը, հոլովակները և մյուս բոլոր նյութերը չեն պարունակում ագրեսիա, դաժանություն, տխրություն կամ այլ բացասական էմոցիաներ առաջացնող տեսարաններ։
Կայքը նաև երեխաներին տալիս է հնարավորություն սովորել հայերենի այբուբենը, ինչպես նաև տիրապետել անգլերեն լեզվին։
Կայքում ամեն երեխա կարող է ունենալ իր «ընկերոջը», որը կուղեկցի նրան կայքում գտնվելու ամբողջ ընթացքում։ Ըստ մտահղացման հեղինակների՝ սրա շնորհիվ երեխաները կդառնան ավելի ընկերասեր։ BabyHOME.am-ի հեղինակները նշում են, որ կայքի միջոցով երեխաները կավելացնեն իրենց գիտելիքի պաշարը, և դա կլինի ճանապարհ դեպի խելացի ապագա:
Սիրարփի Աղաբաբյան