Բաժիններ՝

«Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը». Սերժ Սարգսյան

Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Այս մասին այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգ սյանը: Նախագահի խոսքով, դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը:

Ըստ նրա` միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է կարևոր խնդիր մնալ ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը Հայաստանում հատկապես անընդունելի է համարում աղքատության բարձր ցուցանիշ ունենալը, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։

«Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Կարդացեք նաև

Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները:

Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով` աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը:

Նա ընդգծեց, որ միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակից: Մասնավորապես, պետք է հասնել այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:

Նա նկատեց, որ նախորդ 25 տարվա ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարվա, հաջորդ 25 տարում և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,-ասաց նա:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Ըստ նրա` կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար, պետք է ապահովել առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ»,-ավելացրեց նա:

Սերժ Սարգսյանի կարծիքով, գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսավարողները: Ըստ նրա` անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներ ում:

Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը, ըստ նախագահի, պետության զարգացման կարևորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են: Նա ընդգծեց, որ անվճար և որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա:

Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր և մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում:

«Երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն և ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործում: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն և աշխատանք ստանալու հարցում:

Պետք է շարունակել և ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ և կրթված երիտասարդների ամուր ընտանիքները և ապագայի հանդեպ լավատեսությունը կարևոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման և առաջընթացի համար: Մեր նպատակն է պահպանել, ավելացնել և գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,-ավելացրեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարծում է, որ պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների պահպանության, զարգացման և տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել ոլորտի պետական և պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաև մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը:

Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի, ըստ Սերժ Սարգսյանի, անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը: Դրանից բացի`բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Ըստ նրա` անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկ արաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը:

«Այս բոլորը կարևորագույն առաջնահերթություններ են, որոնք ամեն օր քննարկման առարկա են դառնալու այս շենքում, որոնց մասին մշտապես խոսվելու է այս ամբիոնից։ Ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ, լուծումներ գտնելով, առաջ ենք շարժվելու։

Միևնույն ժամանակ, որպես 25-ամյա պետականություն ունեցող հասարակություն, մենք պետք է սովորենք շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքը ներկա խնդիրների լուծմանն ուղղելուց բացի միշտ ունենանք ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Այս տեսանկյունից առաջիկա 5 տարում մենք պետք է մշակենք նաև ծրագիր-տեսլական, որը կունեն ա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս