Ղազախստանի նախագահը կարևորել է ԵԱՏՄ-ի դերը Մետաքսի նոր ճանապարհի նախագծի իրացման գործում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովի շրջանակներում, ելույթ ունենալով «Քաղաքական համատեղ գործունեություն ավելի սերտ համագործակցության համար» կլոր սեղանի մասնակիցների առջեւ, ընդգծել է, որ Եվրասիայում հնագույն Մետաքսի ճանապարհը նոր ժամանակակից ձեւաչափով վերականգնելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի գաղափարը դարձել է աշխարհում ուժեղացած քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ճգնաժամերի
ճիշտ ժամանակին արված պատասխանը:
Այդ մասին ասված է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Նազարբաեւը նշել է, որ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը թույլ կտա ձեւավորել նոր աշխարհատնտեսական պարադիգմա, որի հաջող իրականացումն օգուտ կբերի 4,4 մլրդ միագումար բնակչությամբ երկրների:
Պետության ղեկավարն առանձին կանգ է առել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տարածաշրջանային կոոպերացման նոր մոդելի ուժեղ կողմերի վրա: «Կայունություն՝ համատեղ զարգացման միջոցով» հռչակված մոտեցումը այսօր միջազգային համագործակցության գրավիչ ձեւ է, որն արտացոլում է տասնյակ երկրների տնտեսական շահերը: Այդ կապակցությամբ այժմ, երբ նկատվում են Մետաքսի ճանապարհի որոշակի ուրվագծերը, անհրաժեշտ է այդ մակրոտարածաշրջանային կոոպերացման համատեղ ռազմավարական կոորդինացում: Նաեւ Մետաքսի ճանապարհի նախաձեռնության իրագործումը թույլ է տալիս գլոբալ համատեքստում նորովի դիրքավորել ամբողջ տարածաշրջաններ, այդ թվում՝ Կենտրոնական Ասիան»,-նշել է Ղազախստանի նախագահը եւ ընդգծել, որ Կենտրոնական Ասիան վերստին ռազմավարական կարեւորություն է ստացել՝ գլխավոր կամուրջը դառնալով աշխարհի խոշորագույն շուկաների միջեւ:
Բացի այդ, Նազարբաեւը նշել է Եվրասիական տնտեսական միության կարեւոր դերն այդ գործընթացում: «Նոր իմաստով է լրացվում «Մեծ Եվրասիայի» միասնական տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը: Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է Շանհայի համագործակցության կազմակերպության, ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության պլատֆորմները շահավետ կերպով կապել բարգավաճման միասնական ռեգիոնալ տարածքում»,-ասել է պետության ղեկավարը:
Իր ելույթում Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանն ուղղված մի շարք կոնկրետ քայլեր: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու աճող տարանցիկ ներուժի արդյունավետ յուրացման համար անհրաժեշտ է հետեւողականորեն դյուրացնել ապրանքային հոսքերի տեղաշարժը՝ ապահովելով սպասարկման բարձր մակարդակը եւ վարչական խոչընդոտների վերացումը, որոնց ուղղությամբ Ղազախստանը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում: Դա պահանջում է փորձաքննություն եւ համապատասխան ֆինանսավորում: Կարծում եմ՝ ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին հարկավոր է ավելի ակտիվորեն ֆինանսավորել այդ ծրագրերը. դրանք ներդրումներ են ապագայում»,-ասել է Ղազախստանի նախագահը:
Բացի այդ, պետության ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսական կոոպերացման զարգացման կարեւորությունը՝ նպատակ ունենալով ապահովել նոր Մետաքսի ճանապարհին գտնվող երկրների պարենային անվտանգությունը: Նաեւ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է ուշադրությունը կենտրոնացնել ինովացիոն եւ գիտատեխնիկական զարգացման ոլորտում ավելի սերտ համագործակցության վրա:
Ելույթի ավարտին Ղազախստանի նախագահը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» գաղափարի հաջող զարգացման համար կարեւորել Է փոխադարձ վստահության առկայությունը ներգրավված երկրների միջեւ, իրավահավասար եւ համակողմանի համագործակցություն զարգացնելու նրանց պատրաստակամությունը։