Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում

Կաննի 70-­րդ հոբելյանական կինոփառատոնը մայիսի 17-­ից մինչեւ 28-­ը Ֆրանսիայի Լազուրե ափին կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Այդ մասին հայտնել է Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը France Bleu Azur ռադիոկայանի եթերում:

«Այս տարի մենք լուրջ քայլի ենք դիմում այն առումով, ինչ վերաբերում է անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը բարձր է մնում»,-­ասել է Լիսնարը, հիշեցնելով անցյալ տարի Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին, երբ 31-­ամյա թունիսցին բեռնատարով մխրճվեց Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությանը հետեւող մարդկանց բազմության մեջ:

Լիսնարը հավաստիացրել է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»: Նա հայտնել է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ:

Բացի այդ, ինչպես հայտնել են տեղեկան պրեֆեկտուրայում, փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին «կդառնան իրավակարգի պահապանների աչքերն ու ականջները»: Նաեւ հատուկ Կաննի կինոփառատոնի կապակցությամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550­-ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկել քաղաքի իրադրությունը:

Մինչ այդ փառատոնի կազմակերպիչները հայտնել են աշխարհի ամենահեղինակավոր կինոստուգատեսներից մեկի վերջին նախապատրաստական աշխատանքների ավարտվելու մասին: Նրանք հավաստիացրել են, որ, չնայած ավտանգության ուժեղացված միջոցառումներին, հնարավոր ամեն ինչ կանեն՝ պահպանելու միջոցառման սովորական մթնոլորտը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս