«Երևանի ավագանու ընտրությունների բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ». Տիգրան Մուկուչյան
Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Սահմանված կարգով առավոտյան ժամը 8ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են»,- նշեց Մուկուչյանը:
ՀՀ ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանի»ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»ը: «Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ավագանու 308 թեկնածու, որից 98-ը կին է»,- հայտնեց Մուկուչյանը:
Նա նաև հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում տեղական 17 կազմակերպություն՝ 5 հազարից ավելի դիտորդներով, և մեկ միջազգային կազմակերպություն 10 դիտորդներով:
Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀում հավատարմագրվել է 32 տեղական և երեք միջազգային լրատվամիջոց: Ընդհանուր առմամբ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 476 լրագրող: