Կարեն Կարապետյան. Պատրաստ եմ 2018-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում. Mediamax

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս այցելել էր Հայաստան և հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ներկայացնում ենք հատված՝ Էլիզա Վասի՝ Մեդիամաքսին տրամադրած հարցազրույցից:

– Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում։

– Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա և ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի և ներդրողների համար։

– Ընտրություններից առաջ Դուք խոսում էիք 3 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների մասին։ Որտեղի՞ց եք գտնելու այդ գումարը։

– Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։

Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ։

– Անցյալում Դուք Գազպրոմի մենեջեր էիք ։ Դուք կարո՞ղ եք Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել։

– Աշխատելով Գազպրոմում, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել և ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ այն կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում։

– Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին և դառնալ հանրապետության ղեկավար։

– Պատրաստ եմ։

– Դուք ցանկանում ե՞ք դա։

– Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, և ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձևակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։

– Ինչպիսին եք տեսնում Հայաստանը 5 տարի անց, ի՞նչը պետք է փոխվի։

– Հինգ տարի հետո Հայաստանում շատ բան պետք է փոխվի` որոշումներ կայացնելու ընթացակարգը, հասարակության և էլիտայի հարաբերությունները, հասարակական կյանքում էլիտայի տեղի ընկալումը, մեր քաղաքացիների կրթության մակարդակը, բիզնեսի վարման պայմանները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս