Արցախյան տուրիզմը. որ երկրներից են այցելում և ինչու (ինֆոգրաֆիկա)

2016 թվականին Արցախ են այցելել մոտ 14 հազար զբոսաշրջիկ։ Թիվն, իհարկե, այնքան էլ մեծ չէ, սակայն փոքր ցուցանիշ էլ չէ՝ հաշվի առնելով աշխարհարհաքաղաքական հանգամանքները։ Նշենք նաև, որ 14 հազարը ոչ թե այցելուների թիվն է, այլ կոնկրետ զբոսաշրջիկների (այցելուների թիվն ավելի մեծ է)։ Եվ այդ 14 հազարի մեջ չեն մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Որ երկրներից են այցելում Արցախ

Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը բավականին դիվերսիֆիկացված է։ Արցախի էկոնոմիկայի նախարարության կողմից B4B.am-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2016 թվականին Արցախ են այցելել 80 երկրների քաղաքացիներ։

Ամենից շատ այցելել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 6178 մարդ։ ԱՄՆ-ից Արցախ են այցելել 1479 զբոսաշրջիկներ, Իրանից՝ 737, Ֆրանսիայից՝ 668։ Առաջին տասնյակի մեջ են մտնում նաև Գերմանիան, Լիբանանը, Ուկրաինան, Կանադան և Չինաստանը։

Arts1

Իսկ ի՞նչ նպատակով են այցելում Արցախ։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին Արցախ այցելած միջազգային զբոսաշրջիկների 91%-ը (12784 մարդ) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։

1162 հոգի ժամանել են գործնական նպատակներով։ Կան նաև կրթության նպատակով Արցախ այցելողներ՝ 14 հոգի (այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ)։

Ինչպես է փոխվել զբոսաշրջիկների թիվը

2000-ականների կեսերից սկսած՝ Արցախ այցելող միջազգային զբոսաշրջիկների թիվը սկսեց կայուն աճել. տարեկան միջինը 5 հազար հոգուց հասավ 15-16 հազարի։

Ինչպես տեսնում եք գծապատկերում՝ 2013 թվականից հետո զբոսաշրջիկների թիվը մեկ նվազել է, մեկ ավելացել։

Զբոսաշրջության աճի տեմպի և դրա փոփոխության վերաբերյալ մեր ձեռքի տակ վերլուծություն չկա, սակայն կարելի է ենթադրել, որ վերջին շրջանում զբոսաշրջիկների ներհոսքի դանդաղումը պայմանավորված է Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով և սահմանի վրա հաճախակի դարձած պրովոկացիաներով։

Arts2

Բացի սահմանային միջադեպերը՝ Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը նաև Արցախ այցելող արտասահմանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու առումով։

Պոտենցիալ

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ այս տարի Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը կաճի։ Այս տարվա առաջին եռամսյակում Արցախ է այցելել 1076 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 969-ի դիմաց։

Ամեն դեպքում, Արցախն ունի զբոսաշրջության հսկայական պոտենցիալ և ներկայիս թիվը շատ ավելի փոքր է այն թվից, որը կարող էր լինել։ Իհարկե, ինչպես նշեցինք չլուծված հակամարտությունն իր դերը խաղում է, սակայն զբոսաշրջության աճ կարելի է ապահովել նաև փաստացի պատերազմական պայմաններում։ Դրա համար պետք է միավորել ջանքերը և սեփական օրինակով ցույց տալ, որ Արցախը հիանալի տեղ է հանգստանալու համար՝ թե՛ բնությամբ, թե՛ ենթակառուցվածքներով, թե՛ մթնոլորտով և թե՛ խոհանոցով։

Նշենք նաև, որ վերջին տարիներին Արցախում կայուն կերպով աճել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։ 2011 թվականին Արցախում գործում էր 31 հյուրանոց, իսկ 2016 թվականին՝ 44։ Այնպես որ մնալու տեղը կա, եթե իհարկե արցախցիները հյուրերին չհամոզեն հյուրընկալվել իրենց տներում։

Տեսանյութեր

Լրահոս