Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը և շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում մեր երկրում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30 տոկոսը: Պարոն Նասբաումն ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը ՀՀ-ում և պատրաստակամություն հայտնել կառավարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացմանը: