«Բիլ Գեյթսը չէր ակնկալում, որ որևէ ամերիկացի կընկնի նրա ոտքերը և կբացականչի՝ «վա՜խ, դու մեր թագավորն ես»». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Պատգամավորներից մեկը «ընտրակաշառքի շրջանակներում» իր գյուղում ճանապարհ էր կառուցում: Բայց նրա գումարները, հավանաբար, չհերիքեցին ընտրվելու համար, եւ նա ընտրություններից հետո ոչ միայն չշարունակեց շինարարությունը, այլեւ ճանապարհի սկզբում ու վերջում քարեր լցրեց, որ հանկարծ ոչ ոք այդ՝ անգամ կիսաքանդ ճանապարհից չօգտվի:

Մեկ այլ ձախողված թեկնածու հայտարարեց, որ այլեւս չի օգնի աղքատ ուսանողներին ուսման վարձը մուծել, ասելով՝ «ում ընտրել եք, նրանից էլ ուզեք»: Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ ձախողված, ինչպես նաեւ «հաջողած» թեկնածուների արածը բարեգործություն է: Ես վստահ եմ, որ ոչ: Բարեգործության տակ ես հասկանում եմ, որ մարդը գործում է իր սրտի թելադրանքով եւ չի ցանկանում որեւէ փոխհատուցում ստանալ: Ինձ թվում է՝ իդեալական բարեգործությունն այն է, երբ դրա մասին ոչ ոք չգիտի:

Մնացածը ներդրում է: Եթե ես սպասում եմ, որ որեւէ մեկն ինձ բարի գործի համար շնորհակալություն ասի, ուրեմն ես հաշվարկում եմ, որ պիտի «գնեմ» այս մարդու լավ վերաբերմունքը կամ շնորհակալությունը: Եթե ընտրություններից մի շաբաթ կամ 5 տարի առաջ ես օգնում եմ կարիքավորներին՝ հույս ունենալով, այդ մարդիկ ինձ պատգամավոր կընտրեն, ուրեմն ես իմ հազարավոր կամ միլիոնավոր դոլարները ներդրել եմ պատգամավորի մանդատը գնելու համար: Իհարկե, ներդրումները կարող են նաեւ բարի, ազնիվ նպատակ ունենալ:

Երբ Բիլ Գեյթսը տարեկան մի միլիարդ է ծախսում քաղցկեղի դեմ պայքարի համար, նա անում է դա ոչ թե ԱՄՆ կոնգրեսական դառնալու համար եւ ոչ էլ ակնկալում է, որ որեւէ ամերիկացի կընկնի նրա ոտքերը եւ կբացականչի՝ «վա՜խ, դու մեր թագավորն ես»: Պարզապես Գեյթսը ցանկանում է այլ ներդրողների հետ հաջողության հասնել այդ հիվանդության դեմ պայքարում: Իսկ նրանք, ովքեր հիմա կշտամբում են ընտրողներին՝ «ես ձեզ փող եմ տվել, իսկ դուք ինձ չընտրեցիք», նրանք ոչ միայն բարեգործներ չեն, այլեւ, մեծ հաշվով, բիզնեսմեն էլ չեն՝ այլապես կիմանային, որ ոչ բոլոր ներդրումներն են 100 տոկոսով փոխհատուցվում: Բարոյական կողմի մասին էլ չեմ խոսում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս