«Ես ձգտում եմ իմ աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի բարեփոխիչ ինձ անվանի ոչ միայն Նախագահը». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու թողեց աշխատանքը «Գազպրոմ»-ում և որոշեց գնալ քաղաքականություն ու դառնալ վարչապետ, ասել է, որ շատ դրական է գնահատում «Գազպրոմ»-ում աշխատանքի իր փորձը և այդ կազմակերպությունը համարում է ամենահաջողվածներից մեկը՝ հավելելով.
«Ինչ վերաբերում է ինձ՝ որպես վարչապետի. եթե ինձ վստահել են տվյալ պաշտոնը, ես կանեմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից, առաջ շարժվող և զարգացած պետություն: Երբ ՀՀ նախագահը ստորագրեց վարչապետի պաշտոնում ինձ նշանակելու հրամանագիրը, նա ընդգծեց քաղաքական բարեփոխումների անցկացումը: Ինձ վրա երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվություն է դրվել»:
Նրա խոսքով, բարեփոխումն առաջին հերթին փոփոխություն է դեպի լավ կողմ, իսկ փոփոխությունը՝ «մեր ամենօրյա կարիքն է»: Ըստ Կարապետյանի՝ երբեք չի լինի այնքան իդեալական համակարգ, որը փոփոխությունների պահանջ չունենա:
«Ես ձգտում եմ իմ աշխատանքը կազմակերպել այնպես, որպեսզի բարեփոխիչ ինձ անվանի ոչ միայն Նախագահը»,- ասել է Կարեն Կարապետյանը: