«Պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները». Սեյրան Օհանյան
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանն ասուլիսի ժամանակ ամփոփեցին նախընտրական քարոզչության արդյունքները:
Ս.Օհանյանը նշեց, որ քարոզարշավի ժամանակ եկել են եզրակացության, որ մարդիկ սպասում են փոփոխությունների. «Մեզ հաջողվել է կոտրել այն անհուսության մթնոլորտը, և կտեսնենք արդյունքներն ապրիլի 2-ից հետո»:
Ըստ նրա` ընտրողները հասկանում են, որ չափազանց կարևոր ընտրության շեմին ենք գտնվում, ընտրելու են ոչ թե թաղապետ կամ թաղի լավ տղա, այլ քաղաքական թիմ, որը երկիրը կհանի այս օրհասական վիճակից: Ս.Օհանյանը նշեց, որ պետք է մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները և բզկտված հանդես չգան հանրության առջև:
Վ.Օսկանյանի խոսքով` արտաքին քաղաքականության գործիքը ոչ թե չի օգտագործվել, այլ ուրիշ նպատակների համար է օգտագործվել և դարձել է իշխանություն պահելու գործիք, ՀՀ սուվերենությունը նվազել է, կորցրել ենք երկրի դերն ու նշանակությունը տարածաշրջանում. «Արտաքին քաղաքականությունը երբեք իր նպատակին չի ծառայել»:
Ր.Հովհաննիսյանի կարծիքով` ՀՀ-ն երբեք իշխանությունների փոփոխություն չի ունեցել ընտրությունների միջոցով:
Ըստ նրա` ընտրակեղծարարություններն աչքի առաջ են, և պետք են համարձակ լրագրողներ, դիտորդներ, կուսակցություններ, որ հասկանան, որ խնդիրը համահայկական է` վերջապես ունենալ արդար ընտրված իշխանություն. «Ակնկալում եմ, որ մենք կունենանք մեծամասնություն և այս իշխանությանը կուղարկենք պատշաճ ընդդիմություն»: