Բաժիններ՝

«Վրացական երազանքը» պահպանում է առաջատարի դիրքը Վրաստանի կուսակցությունների շարքում. IRI

«Վրացական երազանք­ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները հրապարակել է Rustavi2 վրացական ընդդիմադիր հեռուստաալիքը:

Հետազոտության ամբողջական պաշտոնական տարբերակ հրապարակվելու է ապրիլի 3­-ին: Ուսումնասիրությունն անցկացվել է փետրվարի վերջին եւ մարտի սկզբին: Հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել այն հարցին, թե «ո՞ր կուսակցության օգտին դուք կքվեարկեիք, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ»:

«Շարժում հանուն ազատության­Եվրոպական Վրաստան» կուսակցության օգտին, որը տարվա սկզբին անջատվել է «Միասնական ազգային շարժումից», պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Նրան հաջորդում են «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը»՝ 6 տոկոս, «Հայրենասերների դաշինքը»՝ 4 տոկոս եւ «Ազատ դեմոկրատները»՝ 3 տոկոս: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում» կուսակցությանը պատրաստ է աջակցել մասնակիցների 2 տոկոսը:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 15 տոկոսը չգիտի, թե ում օգտին ձայնը կտար, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, իսկ մասնակիցների 20 տոկոսն այդ հարցի պատասխանը չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս