Քլինթոնը գաղտնի փաստաթղթերից կարող էր օգտվել պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո. Fox
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Պետական դեպարտամենտի գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերից մշտապես օգտվելու հնարավորություն է ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին հեռացել է պաշտոնից: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ, հանրապետական Չաք Գրասլիին:
Նրա տեղեկատվությամբ՝ բացի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածուից, այդ հնարավորությունն ունեցել են նաեւ Քլինթոնի վեց աշխատակիցներ: Ինչպես հայտարարում է Գրասլին, նրանք, ըստ երեւույթին, այդ հնարավորությունը պահպանել են նաեւ այն բանից հետո, երբ նախկին պետքարտուղարը 2015 թվականի ապրիլին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Գաղտնի փաստաթղթերից օգտվելու հնարավորությունը տրվել է իբր Քլինթոնի հուշագրությունների վրա աշխատելու համար:
Չաք Գրասլին մարտի 30-ին հետաքննություն է սկսել այս առթիվ՝ վկայակոչելով Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի անցյալ տարվա հայտարարությունն այն մասին, որ Քլինթոնը եւ նրա աշխատակիցներն «անփույթ վերաբերմունք են ցուցաբերել բարձր գաղտնիության տեղեկատվության նկատմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`EPA