Արմեն Ամիրյանը պատրաստ է մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստ է իր գլխավորած նախարարությունով տեղափոխվել Գյումրի: Այս մասին մարտի 26-ին Գյումրիում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում գյումրեցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Արմեն Ամիրյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ավարտից հետո, օրերից մի օր մարդիկ հնարավորություն կստանան մայրաքաղաքից 45 րոպեի ընթացքում գալ Գյումրի՝ վայելել Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախմբի խաղը, լինելու Մարզային գրագարանում, կամ լսելու Գյումրու Ժողովրդական նվագարանների համույթին և հետ վերադառնալու:
«Մեր իրականության մեջ ինչոր բան է փոխվել՝ այս 67 ամիսների ընթացքում, սկսել են վստահել մեզ, վստահում են ներդրումների, աջակցության տեսքով: Միայն մշակույթի բնագավառում, այս տարվա ընթացքում նախատեսված է շուրջ 2 մլն դոլարի ներդում, որի ուղիղ կեսը՝ 1 մլն դոլարը Գյումրիում»,- նշեց Արմեն Ամիրյանը՝ փաստելով, որ այդ ներդրումների շրջանակներում Մարզային գրադարանի հարևանությամբ կվերականգնվի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքը, որտեղ տեղակայվելու է պատկերասրահի մասնաշենքը:
«Այս տարվա ընթացքում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերազինվելու է թվային տեխնիկայով և մինչև տարեվերջ ցուցադրելու է նույն ֆիլմերն, ինչ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը: Մշակութային կյանքը Գյումրիում թերևս ավելի լավն է լինելու, քան Երևանում, քանի որ մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի», վստահեցրեց Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ այսուհետ մշակութային կյանքը Գյումրիում ավելի եռուն է լինելու: Ելույթի ավարտին ՀՀ մշակույթի նախարարը խորհուրդ տվեց գյումրեցիներին ապրիլի 2-ին քվեախցում մտածել՝ ում վստահել քվեն:
Արմենուհի Մխոյան