«Մարդիկ, ովքեր Արթուր Սարգսյանի մահից հետո վայնասուն են բարձրացրել, ինչո՞ւ այդ օրերին չէին ասում՝ քեզ բաց են թողել, որ բուժվես, ոչ թե գնաս՝ ինչ-որ մեկի տանը քաղաքական գործունեությամբ զբաղվես». Գառնիկ Իսագուլյան
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանից հետո հանրության արձագանքին:
Ըստ նրա՝ շատ կարևոր հարցեր կան, որոնք չեն բացահայտվել.
«Այն բոլոր քաղաքական ուժերը, որ հետո վայնասուն էին բարձրացրել, նրանք այն ժամանակ պետք է Արթուրին համոզեին, որ՝ «քո վիճակը ծանր է, ու օր առաջ դու պետք է լինես հիվանդանոցում»: Եվ հիմա, հետին թվով մտածում ես՝ արդյոք ճի՞շտ էր խափանման միջոցն առաջին դեպքում փոխելը, թե՞ ոչ, գուցե, եթե չփոխեին, Արթուրին ոչինչ պատահած չլիներ: Արթուր Սարգսյանին առաջին անգամ ազատեցին շատ պարզ պատճառով, որովհետև առողջական վիճակը ծանր էր, կային միջնորդություններ, ազատել էին, որ նա շարունակի բուժումներ ստանալ ազատության պայմաններում:
Երկրորդ անգամ երբ ազատեցին, դուք ինքներդ՝ որպես թղթակիցներ, փորձեք պարզել՝ 6-16-ն ինքը որտե՞ղ է գտնվել և ի՞նչ է արել, դուք փորձեք ինֆորմացիա ստանալ, ինձնից մի պահանջեք, բայց երբ կպարզեք, մի վարանեք, դրա մասին գրեք: Այն մարդիկ, ովքեր հատկապես մարդու մահից հետո վայնասուն են բարձրացրել, ինչո՞ւ այդ օրերին չէին ասում՝ քեզ բաց են թողել, որ բուժվես, ոչ թե գնաս՝ ինչ-որ մեկի տանը քաղաքական գործունեությամբ կամ չգիտեմ ինչով զբաղվես: Սրանք կարևոր հարցեր են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: