Գազային թարգմանության էֆեկտը
Տեղական ԶԼՄ-ներից մեկը երեկ մի ուշագրավ ու զարմանալի տեղեկություն էր հրապարակել՝ գազի գնի թեմայի շուրջ։
Ըստ թերթի, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախօրեին խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ հայտարարել էր, թե «Գազպրոմը» կնվազեցնի Հայաստանի համար գազի գները՝ պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում:
Սա բավականին տարօրինակ էր, որովհետև ստացվում էր՝ ռուսները ցանկանում են, որ հայաստանցիներն էժան գազ ունենան, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոչ։ Ինչո՞ւ պետք է Միլլերը նման հայտարարություն աներ։ Թերթը նաև պատճառն էր գրել. «Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է»:
Թերթն այս կապակցությամբ նաև մեկնաբանել էր. «Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»: Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլև հենց Միլլերն է հուշում` ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»:
Սա շատ, չափազանց տարօրինակ էր հնչում։ Ինչո՞ւ։ Որովհետև որքան էլ քննադատաբար մոտենանք ՀՀ իշխանություններին, անհավատալի է, որ ռուսները ցանկանում են և պատրաստ են հայաստանցուն էժան գազ վաճառել, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոչ։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս (այն էլ՝ այս նախընտրական շրջանում)։
Շատ հեռու չգնանք՝ անցյալ տարվա վերջին գազի ներհայաստանյան սակագների որոշակի իջեցումը տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։ Այսինքն՝ շահագրգիռ կողմը ոչ թե ռուսաստանյան «Գազպրոմն» էր, այլ Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը։ Իսկ «Գազպրոմի» համար սակագնի իջեցումը լրացուցիչ վնաս է։ Հիշեցնենք, հայտարարվեց, որ «Գազպրոմ-Արմենիան» սակագինն իջեցնում է մի քանի գործոններ հաշվի առնելով՝ Վրաստանի տարածքով տարանցման վճարի էժանացում, ֆինանսական ծախսերի օպտիմալացում և էժան սակագնի հաշվին՝ սպառման ծավալների աճ։ Ու եթե այս «էքսպերիմենտն» իրեն չարդարացրեց, ապա ընկերությունը կրելու է լրացուցիչ վնաս և այդ վնասը ծածկելու է մայր-ընկերությունը՝ «Գազպրոմը»։ Այսինքն, գազի սակագնի աննշան էժանացումը ռուսաստանյան ընկերության համար ռիսկեր է ենթադրում, ու այդ քայլը ներկայացվեց՝ որպես բարի կամքի դրսևորում կամ քաղաքական ժեստ։
Սա հաշվի առնելով՝ մի պահ պատկերացրեք՝ ռուսաստանյան «Գազպրոմը» մերոնց առաջարկում է ավելի ցածր գնով գազ վաճառել, իսկ մերոնք խանգարում են։
Սակայն այսքանը գրելու կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. եթե ռուսները ցանկանան Հայաստանի տարածքում գազի գներն իջեցնել, ապա դա կանեն։ Որովհետև Հայաստանում գազ մատակարարում և գազի գինը որոշում է «Գազպրոմ-Արմենիան», որը 100%-ով պատկանում է ռուսաստանյան «Գազպրոմին»։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզապես հաստատում է «Գազպրոմ-Արմենիայի» առաջարկած գինը։
Պատկերացնո՞ւմ եք՝ «Գազպրոմ-Արմենիան» առաջարկի գազի սակագինը, ասենք, 50 դրամով իջեցնել, և հանձնաժողովը դեմ լինի։ Մենք, ճիշտն ասած, չենք պատկերացնում։ Այո, որքան բարձր է սակագինը, այնքան ավելի շատ հարկ է մտնում պետական բյուջե ամեն խորանարդ մետրից։ Բայց մյուս կողմից՝ որքան թանկ է գազը, այնքան քիչ է սպառվում, և բյուջեի համար ազդեցությունը մնում է նույնը։
Իսկ հիմա ամենահետաքրքիր պահը։
Մենք որոշեցինք պարզել՝ այնուամենայնիվ, բառացիորեն ինչ է ասել Ալեքսեյ Միլլերը գազի գնի թեմայով։
Ըստ «Новости-Армения» գործակալության՝ մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի համար գազի գինը 150 դոլար է՝ 1000խմ-ի դիմաց, և ասել է բառացիորեն հետևյալը. «Անցած տարվա դեկտեմբերին մենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցություններ անցկացրինք և հնարավոր համարեցինք գազի արտոնյալ սակագինը պահպանել նաև 2017 թվականին։ Միևնույն ժամանակ, մենք համաձայնեցինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սպառողների համար ներքին սակագինը նվազի, սակայն դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ մենք նոր պայմանավորվածության հասանք»։
(Мы провели в декабре прошлого года с правительством Республики Армения переговоры и сочли возможным пойти на то, чтобы сохранить льготный уровень цен на 2017 года. При этом мы также согласились на то, что Республика Армения пойдет на снижение внутреннего тарифа для потребителей на территории Армении, но это стало возможным в том числе и потому, что мы достигли новой договоренности¦,- сказал глава «Газпрома»)։
Կա՞ այստեղ որևէ խոսք այն մասին, որ ռուսները պատրաստ են գազի սակագինն իջեցնել, եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն գնալ ներքին սակագնի նվազեցմանը։ Պարզ չի՞, որ Միլլերը նկատի ունի կոնկրետ անցած տարվա պայմանավորվածությունները, որոնց արդյունքում այս տարվա հունվարի 1-ից դրանք մտան ուժի մեջ։
Կարճ ասած՝ գործ ունենք թարգմանության սխալի հետ։ Իսկ ինչո՞ւ միանգամից դրանից էլ չսկսեցինք։
Որովհետև ցանկանում էինք մի քիչ լուսաբանել տարածվող այն թյուր կարծիքը, թե Պուտինը հայերի մասին ավելի շատ է մտածում, քան ՀՀ իշխանությունները։ Որքան էլ իշխանություններին չսիրենք, այս մտածելակերպը չի կարելի արդարացնել։
Ու երկրորդ, նաև ցանկանում էինք ցույց տալ, թե ինչպես սխալ թարգմանությունը կարող է արագ տարածվել մամուլում ու սոցցանցերում, և հետո հորդել հասարակություն։ Անկեղծ ասած, համոզված ենք, որ իրականությունը ներկայացնող այս հոդվածի մասին շատ քչերը կիմանան, իսկ շատ-շատերը բակում նարդի խաղալիս ձեռքի հետ կասեն. «Բա իմացա՞ք՝ ռուսներն ուզում են գազն էժանացնեն, մեր էս սրիկաները չեն թողնում»։ Ու կողքից էլ մեկը կավելացնի. «Ախպեր, ճիշտը Ռուսաստանի կազմի մեջ մտնելն ա»։