Որոնք են հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող ՀՀ քաղաքական երեք ուժերը

Ռուսաստանի հետ հարաբերություների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր, բայց այդ ուժերից գլխավորը, որն անցած տասնամյակում իր վրա վերցրել է հայ-ռուսական քաղաքականությունն առաջ մղելու հարցը, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` ներկայացնելով վերջին մեկ ամսվա ընթացքում «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած քաղաքական հետազոտության արդյունքները` կապված հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ:

«Այս ուժն է, որ վերջին 10 տարում առաջ է տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու գիծը: Առյուծի բաժինը ընկնում է ՀՀԿ-ին, որը համագործակցության փորձ ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Եդինայա Ռոսիա»-ի հետ: Չնայած այդ քաղաքական ուժում կան գործիչներ, որոնք  ներդրում ունեն հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում, բայց, Արամ Սաֆարյանը նշեց, որ  հարաբերությունների առյուծի բաժինը Գագիկ Ծառուկյանին է: Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ:

Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:

Կարդացեք նաև

Արամ Սաֆարյանի խոսքով, կան այլ մեծ ու փոքր կուսակցություններ, որոնք հանդես են գալիս երկու երկրների հարաբերությունների խորացման օգտին, բայց վերը նշված երեք ուժերի համեմատ, նրանց ներդրումը եղել է շատ ավելի համեստ:

«Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունների կարևորության հարցերը: Այս քաղաքական ուժերը մանևրում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև, փորձում են դիվիդենտներ ստանալ մերթ այստեղ, մերթ այնտեղ: Առկա քարոզարշավը մի հնարավորություն է, որ քաղաքական ուժերը պարզ, հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումն արտաքին քաղաքական կարևոր վեկտորների օգտին, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանը նշեց, որ քաղաքական շրջանակներից գալիս են ազդակներ այն մասին, որ Հայաստանը կարող էր ավելի անկախ դիրքորոշում ունենալ միջազգային քաղաքականության դաշտում, արվում են փորձեր` նսեմացնելու հայ-ռուսական հարաբերությունների նշանակությունը, կասկածանքի սերմ գցելով հայ հասարակության մեջ: Արամ Սաֆարյանի գնահատմամբ՝ այս երևույթն անընդունելի է:

«Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի զարգացման վրա, դրա հետ մեկտեղ, ուժային մյուս բևեռների հետ փոխվստահության, փոխօգնության հարաբերությունների կառուցման վրա, կարծում ենք, որ քաղաքական դաշտում այս դիրքորոշմանն այլընտրանք չկա»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս