«Քաղաքացին նույնքան իրավունք ունի, որքան այն պաշտոնյան, որ նստած է և այդ պահին տնօրինում է այդ ոլորտը կամ ուղղությունը»

Բոլորը պետք է հասկանան, որ իրենց ձայնը գնման ենթակա չէ: Այս մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կարևորեց ամբողջական հայրենիքի և այդ հայրենիքի ազատ քաղաքացու գաղափարախոսությունը: «Ազգային խնդիրները չի կարող լուծել այն ժողովուրդը, հասարակությունը, որն իր ներսում անարդարության հիման վրա է կառուցում իր հարաբերությունները»,- ասաց նա:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ մեր տարածաշրջանում մարտահրավերներն այնքան մեծ են, որ մենք իրավունք չունենք մեզ թույլ տալ ներքին անկայունություն ունենալ, յուրաքանչյուր թվի ետևում մարդու պետք է տեսնել: «Երբ խոսում ենք երիտասարդության, կրթության, մշակույթի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք կոնկրետ մարդու՝ Հայաստանի քաղաքացու հետ, որը նույնքան իրավունք ունի, որքան այն պաշտոնյան, որ նստած է և այդ պահին տնօրինում է այդ ոլորտը կամ ուղղությունը: Եթե մենք արմատապես չփոխենք մեր վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ, չկիսենք նրա հոգսը, չփորձենք նրան հասկանալ, մեր երկրի ուժը չենք բազմապատկի»,- ասաց նա: Ըստ նրա՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, բոլորը պետք է իրենց դերակատարությունը զգան երկրի կառուցման գործում, եթե ընտրություն է, բոլորը պետք է հասկանան, որ իրենց ձայնը գնման ենթակա չէ:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ շատ կարևոր է, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն չձևավորվի, որովհետև եթե բացարձակ մեծամասնությունը չի ձևավորվում բանակցությունների, կոալիցիայի ձևավորման, կոմպրոմիսի ճանապարհով, գալիս է տրամաբանությունը՝ մեր դեմ խաղ չկա: Նա ասաց, որ այս ընտրությունները շատ կարևոր են ապագայի տեսակետից: Նա ասաց, որ հասկանում է՝ ժողովրդի վիճակը բավականին ծանր է, բայց ինչ-որ տեղից հարկավոր է սկսել. «Այս պառլամենտական ընտրությունները կարող են դառնալ այդ մեկնակետը, և նրանից, թե Դաշնակցությունն այս պառլամենտում քանի հոգով ներկայացված կլինի, կախված է նաև մեր երկրի տեսակի շարունակության հիմնախնդիրը»: Նա ասաց նաև, որ երկրից չպիտի խռովել, պետությունն իշխանությունների հետ չպիտի նույնացնել:

Տեսանյութեր

Լրահոս