«Ո՞նց կարող է՝ 114-ամյա կուսակցությունը ձայներ տանի ինչ-որ մի քանի տարվա ստեղծված կուսակցությունից». Կոմունիստները՝ «Ծառուկյան» դաշինքին
Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի շրջանակներում, հանդիպել և զրուցել ենք «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսը որդեգրած Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ԿԿ) առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանի հետ մենք հանդիպեցինք Կոմունիստական կուսակցության գրասենյակում, որտեղ, ի զարմանս մեզ, աշխույժ մթնոլորտ էր՝ անդադար զանգեր, իսկ կուսակցության ղեկավարի գրասենյակում թռուցկաժողով էր: Կուսակցության անդամները պլանավորում էին առաջիկա մարզային այցելությունների գրաֆիկը:
– Պարոն Սարգսյան, Ձեր գրասենյակում մի՞շտ է այսպես աշխատանքային աշխույժ իրավիճակ, թե՞ պայմանավորված է նախընտրական քարոզարշավի աշխատանքներով:
– Աշխուժությունն ունի իր պատճառը: Այսօր պայմանավորված է առաջիկա Ազգային ժողովի ընտրություններով: Իհարկե, Կոմունիստական կուսակցության գրասենյակում, բնական է, որ միշտ պետք է լինի աշխուժություն, և այդպես էլ կա, բայց դրա աստիճանը բարձրացել է՝ պայմանավորված ընտրություններով:
– Մի քանի օր առաջ Դուք ներկայացրեցիք Ձեր նախընտրական ծրագիրը: Որո՞նք են այն առանցքային կետերը, որոնցով Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է մտնել Ազգային ժողով:
– Դուք գիտեք, որ եկել եք մի կուսակցության գրասենյակ, որի պատմությունն ունի շատ խորը արմատներ: Կոմունիստական կուսակցությունը 114 տարեկան է: Անցել է դաժան և տարբեր փորձությունների միջով և, վերջիվերջո, 1920 թվականին, խորհրդային իշխանության հաստատումից անմիջապես հետո, տեղի է ունեցել Կոմունիստական կուսակցության համագումարը, որ հաստատել է իր ծրագիրն ու կանոնադրությունը: Խորհրդային Հայաստանը, որ իրենից ոչինչ չէր ներկայացնում նախքան Խորհրդային Միությունը… ներեցեք, ուզում էի ասել՝ Հայաստանը, որ նախքան Խորհրդային Հանրապետության հաստատումը գտնվում էր շատ ծանր վիճակում՝ համատարած աղքատության, անգրագիտության, սովի ճիրաններում, 1920 թվականի նոյեմբերի 29-ից հետո վերածնունդ ապրեց…
– Պարոն Սարգսյան, բայց ես նկատի ունեի առաջիկա՝ 2017 թվականի ապրիլի 2-ի նախընտրական ծրագրի մանրամասները…
– Ուզում եմ ասել՝ մենք կորցրել ենք իշխանություն և պարտավոր ենք վերադառնալ իշխանության: Մեզ հաճախ հարցնում են՝ դուք դե՞մ եք անկախությանը, մենք պատասխանում ենք՝ այո՛, նման անկախությանը մենք դեմ ենք, որտեղից մարդիկ արտագաղթում են, որտեղ մարդիկ աշխատանք չունեն, որտեղ սոցիալական հարցերը խայտառակ վիճակում են, որտեղ կոռուպցիան և կաշառակերությունը խեղդել են մարդկանց:
– Լավ, իսկ ծրագրի մասին ի՚՞նչ կասեք, ի՚՞նչ ծրագրով եք պարտավորվում վերադառնալ իշխանության:
– Ժամանակին մենք մարդկանց համար ստեղծել էինք սոցիալական բարենպաստ պայմաններ և պատրաստվում ենք վերականգնել դրանք: Մենք այն կարծիքին ենք, որ Սահմանադրությամբ ամրագրված ընդերքի հումքը ժողովրդի սեփականությունն է: Փոխանակ մեքենաներ բարձելով՝ դրանք տեղափոխեն Հայաստանից, անհրաժեշտ է մտածել ներդրումներ կատարելու հանրապետության ներսում և լուծելու աշխատատեղերի խնդիրը, որպեսզի դրանց շահույթը չգնա առանձին օլիգարխների ձեռքը, այլ դառնա ժողովրդի ունեցվածքը: Մենք այն կարծիքին ենք, որ վաղուց ժամանակն է, որպեսզի բանկերի նկատմամբ պետությունը վերահսկողություն սահմանի: Բանկերի հնարավորությունը պետք է սպասարկի գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման համար: Մենք այն կարծիքին ենք, որ պետական սեկտորը պետք է ավելի շատ դերակատարություն ունենա տնտեսության զարգացման գործում: Ժամանակն է, որպեսզի պետական սեփականությունն աստիճանաբար առանձին ռազմավարական նշանակության օբյեկտներ դառնան: Ժամանակն է՝ մասնատված գյուղի հողատարածքները խոշորացնել:
Այսօր մշակելի հողատարածքների 60 տոկոսից ավելին չի մշակվում: Գյուղերում հարկավոր է կոոպերատիվ տնտեսություններ հիմնել: Գիտության բնագավառը խայտառակ վիճակում է: Ի՞նչ է նշանակում՝ համախառն ներքին արդյունքից գիտության համար տրամադրել 0.1 տոկոս, այն դեպքում, երբ առաջավոր երկրներում այդ թիվը կազմում է 2-3 տոկոս: Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող հանրապետություն ենք, և թաքցնելու ոչինչ չկա՝ մեզ պետք է զարկ տալ ռազմական արդյունաբերությանը, իսկ այդ արդյունաբերության զարգացման համար առաջին խթանը գիտության զարգացումն է:
– Դուք իսկապե՞ս կարծում եք, որ Ձեր առաջարկած ծրագրային դրույթներն արդիական են և հնարավորություն ունեն դառնալու ժամանակակից պետական համակարգի մաս:
– Այսի՚՞նքն:
– Այսինքն, օրինակ՝ կապիտալիստական պայմաններում ձևավորված բանկային համակարգը կարելի՞ է և պե՞տք է վերադարձնել պետությանը:
– Պետք է ամեն ինչ անել, որ պետությունը բանկերի նկատմամբ վերահսկողություն ունենա: Այսօրվա բանկերը ժողովրդի համար դարձել են օբյեկտներ, որոնք նրանցից վերցնում են իրենց ունեցվածքը, նրանց անտուն թողնում, և այլն: Մեզ համար զարմանալի է, թե ոնց կարելի է անչափահաս երեխային բանկը գումար տա, որպեսզի նա վճարի ուսման վարձը՝ ավարտելուց հետո պարտքը փակելու պայմանով, այն դեպքում, երբ ավարտելուց հետո այդ ուսանողների մեծ մասն աշխատանք չի գտնում: Բանկերի ստացած եկամուտների մի մասը հարկավոր է ուղղել արդյունաբերության և տնտեսության զարգացման ուղղությամբ, որը կնպաստի հանրապետությունում սոցիալական խնդիրների լուծմանը:
– Դուք առաջարկում եք նաև ռազմավարական նշանակության օբյեկտները դարձնել պետական սեփականություն: Ի՞նչ նկատի ունեք, ո՚՞ր տեսակի պետական սեփականության տեսակը պետք է ռազմավարական նշանակության օբյեկտի վերածվի:
– Կապը, երկաթուղային տրանսպորտը և էներգետիկան պետք է վերածվեն ռազմավարական նշանակության օբյեկտների: Մեզ մինչ այսօր մեղադրում են, թե ժամանակին մեր գալով՝ մենք կուլակաթափ ենք արել իշխանությանը: Իհարկե, դա այդպես չէ: Այսօր բոլորն էլ գիտեն, որ մի քանի անձնավորություններ, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում Խորհրդային Միության տարիներին, այսօր համախառն ներքին տնտեսության 50 և ավելի տոկոսի տերն են:
– Այլ կերպ ասած, գալով Ազգային ժողով, դուք պատրաստվում եք կրկնե՞լ Ձեր նախորդների՝ կուլակաթափ անելու փորձը:
– Ոչ, մենք օրենքի ուժից կխոսենք տվյալ մարդկանց հետ: Եթե ոչ օբյեկտիվորեն մարդիկ հարստություն են կուտակել, ապա մենք դա դատապարտում ենք:
– Կբարձրաձայնե՞ք մի քանի անուններ, որոնք ոչ օբյեկտիվորեն հարստություն են կուտակել:
– Քանի որ ես չեմ տիրապետում թվերի և փաստերի՝ անուններ չեմ ասի:
– Դուք դրական եք գնահատել և գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր դիրքորոշումը:
– Մենք Եվրասիական տնտեսական համակարգի մեջ մտնելը ողջունեցինք՝ նկատի ունենալով նաև մեր գերխնդիրը՝ ազգի գենոֆոնդի պաշտպանությունը: Ի նկատի ունենալով, թե ովքեր են մեր հարևանները՝ Թուրքիան, Ադրբեջանը և այլն, մենք գտանք, որ Եվրասիական տնտեսական համակարգի մեջ մտնելով, որտեղ նաև Ռուսաստանն է, մենք կկարողանանք ազգի գենոֆոնդը պաշտպանել: Անդամակցելով այս միությանը՝ մենք հնարավորություն ունենք նաև վերականգնելու խորհրդային 70 տարիների ընթացքում ստեղծված մեր տնտեսական կապերը՝ ստեղծելով նոր կապեր: Միաժամանակ, ճիշտ են մեր ղեկավարները, որ հավասարաչափ զարգացման ծրագիր են վարում նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններ կառուցելիս: Մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում:
– Այսինքն՝ առաջիկա ԱԺ ընտրությունները ռեալ շանս են կոմունիստների համար՝ գալու իշխանության:
– Եթե ասեմ՝ մենք մեծամասնություն կլինենք Ազգային ժողովում, իհարկե ճիշտ չի լինի, բայց մենք այն կարծիքին ենք, որ ժողովուրդն իր ազնիվ վարքագծով կնպաստի, ձայնը կտա Կոմունիստական կուսակցությանը, և մենք կանցնենք Ազգային ժողով: Մեզ հարց են տալիս՝ լավ, փոքրաթիվ քանակով գնացիք Ազգային ժողով, ի՞նչ եք անելու այնտեղ, ես պատասխանում եմ ՝ եթե Ազգային ժողովում չկա Կոմունիստական կուսակցությունը, ապա Ազգային ժողովը երկու ոտքով կաղում է:
– Օրեր առաջ մամուլի ակումբներից մեկում ասուլիս էր հրավիրել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, և, ի թիվս ԱԺ ընտրություններում ներկայացված բոլոր կուսակցությունների ու դաշինքների, անդրադարձ կատարեց նաև Կոմունիստական կուսակցությանը՝ նշելով, կարծիք հայտնելով, որ կոմունիստները, պարզ է, որ շանս չունեն անցնելու Ազգային ժողով, և իրենք այդ մասին գիտեն: Ինչպե՚՞ս կմեկնաբանեք քաղտեխնոլոգի այս կարծիքը:
– Պարոն Քոչարյանին շատ հարգում եմ անձամբ ես, բայց նկատի ունենալով, որ նա իրականությունն օբյեկտիվ չի ներկայացրել, ինչպես նաև այդպիսին են սոցիոլոգիական հարցումների պատասխանները, ուրեմն դրանք չեն համապատասխանում իրականությանը, և մենք անհանգստացած ենք այդպիսի կարծիքներով: Կցանկանայի՝ պարոն Քոչարյանը հետամուտ լիներ և ապրիլի 2-ից հետո նորից ասուլիս հրավիրեր և հրապարակեր մեր ստացած ձայները: Մենք այն կարծիքին ենք, որ այս անգամ մենք հնարավորություն կունենանք մտնելու Ազգային ժողով:
– Ձեր ծրագրային դրույթները ներկայացնելու ընթացքում Դուք ասացիք՝ մեզ հաճախ հարցնում են՝ ո՞ւր էիք, չէիք երևում և հանկարծ որոշեցիք մտնել Ազգային ժողով: Հիմա ես էլ եմ ուզում Ձեզ այդ հարցը տալ, իսկապես՝ ո՞ւր էիք, չէիք երևում:
– Մենք այնտեղ էինք, որտեղ մեր տեղն է: Մենք շատ լավ գիտեինք մեր տեղը հասարակության մեջ և այնտեղ էինք: Մարդիկ մոռանում են, որ մենք 114 տարի շարունակ ձևավորել ենք աշխատանքային մեթոդներ և այն ուժը չենք եղել, որ մեզ ցույց տայինք փողոցներում: Մենք այն կուսակցությունն ենք, որ այսօր զրկված է իր ունեցած հարուստ ունեցվածքից և վարձակալում ենք մեր ունեցվածքը:
– Այդ դեպքում՝ ո՞վ է հոգում Ձեր քարոզարշավի ֆինանսական խնդիրները:
– Մեր համակիրները և մենք՝ մեր հավաքած անդամավճարներով:
– Բավականացնո՞ւմ է գումարը:
– Այնքանով՝ որքանով:
– Ո՞ր կուսակցությանն եք համարում առաջիկա ընտրություններում Ձեր գլխավոր մրցակիցը:
– Կան այդպիսի կուսակցություններ, որոնք ունեն մեծ հնարավորություններ: Սակայն ես անուններ չեմ տա:
– Այստեղ գալուց առաջ ես կարծիքներ լսեցի, որ Դուք մտել եք ընտրապայքարի մեջ՝ ձայներ տանելու համար «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածից:
– Ո՞նց կարող է՝ 114-ամյա կուսակցությունը, որ ունի իր ուրույն գաղափարները, աշխատանքի ոճն ու համակիրների քանակը, ձայներ տանի ինչ-որ մի քանի տարվա ստեղծված կուսակցությունից: Այսօր նույն այդ կուսակցության կարգախոսներն իրականում մերն են՝ անվճար կրթություն, սոցիալական պայմանների բարելավում, և այլն: Սրանք սոցիալիզմի գաղափարներն են, որ մեր հիմնական կարգախոսներն են եղել տասնյակ տարիներ շարունակ: Հիմա առանձին կուսակցություններ եկել են, մեր կարգախոսներով պայքարում են մեր դեմ: Այդ իսկ տեսակետից մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում: Բոլոր նրանք, ովքեր մեր գաղափարախոսություններին դեմ են, ուրեմն իրենք մեզ համար ընդունելի չեն, և մենք էլ՝ իրենց համար:
– Պարոն Սարգսյան, քարոզարշավն ազդարարող տեսահոլովակ ունե՞ք:
– Տեսահոլովակն արդեն պատրաստ է, երեկ կարծեմ առաջին անգամ եթեր է գնացել:
– Նայե՞լ եք, հավանե՞լ եք:
– Իսկ դուք նայե՞լ եք:
– Ես՝ ոչ:
– Ես էլ չեմ նայել դեռ, կնայեմ, եթե պետք է, հավելյալ կասեմ իմ կարծիքը: