«Այս ընտրություններում լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսակետ է հայտնել ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Ինչպես նշվում է 2rd.am կայքում, երկրորդ նախագահը ասել է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի:

Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ:

Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները:

Կարդացեք նաև

Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները:

Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները:

Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին:

Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը»:

Տեսանյութեր

Լրահոս