Բաժիններ՝

«Ի՞նչ անբարոյականության մասին է խոսքը, երբ մենք բոլորս սեքսի արդյունք ենք». Լևոն Մինասյան

1 միլիոն 200.000 եվրո բյուջե ունեցող «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի փակ ցուցադրությանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ հանկարծ «պարզվեց», որ մենք բոլորս սեքսի արդյունք ենք, որ հումորն ամենահասկանալի լեզուն է և որ լրագողներս էլ կարող ենք երբեմն լինել ձանձրալի… Դե, այնքա՜ն ձանձրալի, որ դերակատարն ինքն է հնչեցնում առաջին և ամենատարծված հարցը. «Ո՞րն է ֆիլմի մեսիջը»: Սակայն ամեն ինչ հերթով: 

Այսօր «Կինո պարկ» կինոթատրոնում կայացավ «HK productions» և «Agat Films» ընկերությունների համատեղ արտադրանք հանդիսացող «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան: 

«Բրավո Վիրտուոզ»-ը պատմում է երիտասարդական դասական նվագախմբի մասին, որը, կորցնելով իր հովանավորին, հայտնվում է ծանր կացության մեջ: Պարզվում է, որ նվագախումբն այևս չի կարող գոյություն ունենալ: Գլխավոր հերոսը՝ կլառնետիստը, փորձում է փրկել իրավիճակը և ողջ պատմությունը սկիզբ է առնում հենց այդտեղից: Ելքեր փնտրելու ճանապարհին նա էլ ավելի մեծ փորձությունների մեջ է հայտնվում և հենց այդ դժվարին ճանապարհին էլ բացահայտում է մինչ այդ անհայտ նոր որակներ: Պարզվում է, որ իրականում մենք էլ չգիտենք, թե մինչև ուր կարող ենք հասնել: Այլ կերպ ասած միայն «իրավիճակն» է ունակ պատասխանելու՝ մինչև ո՞ւր կարող ենք հասնել հարցին: Անգամ, եթե դու մտավորական, կոմպոզիտոր պապիկի և «միայն ճիշտ կանոններով» դաստիարակած կլառնետ նվագող թոռն ես, մի օր կանես այն, ինչ երբեք այդ նույն պապիկի և անգամ քո մտքով չէր անցնի: 

Ֆիլմը հայ-ֆրանսիական և բելգիական համատեղ արտադրություն է, որը նկարահանվել է Երևանում և Գյումրիում: Տարբեր ոճերի միքս, հետաքրքիր լուծումներ, աննկարագրելի գեղեցիկ և բառիս բուն իմաստով գունեղ սիրո տեսարան և բոլորովին նոր խոսք կինոէկրաններին: Մեկ այլ հարց է, թե որքանո՞վ այն կընդունվի «կարգին»-ոտ և սքեթչային կոմեդիաներին սովոր հայ հանդիսատեսի կողմից: 

Ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյան.

– Ես ֆրանսահայ ռեժիսոր չեմ, ինչպես ինձ հաճախ ներկայացնում են, ես լեննականցի եմ, ուղղակի փարիզաբնակ եմ: Նկարահանումները տևել են 36 օր: Դերասաններին ընտրել ենք ըստ իրենց շնորհքի և տաղանդի: Ֆիլմի թեման չարի և բարու հավերժական պայքարի գաղափարն է իր մեջ կրում: Եվ ես ցանկացա այդ լուրջ խնդրի մասին խոսել հումորի լեզվով: Ըստ իս հումորով շատ ավելի հասկանալի է խոսել բարդ թեմաների մասին, քան, երբ դա արվում է լաց ու կոծով: Նկարահանման ժամանակ մենք որևէ ռեալ խնդիր չենք ունեցել, շնորհիվ Հրաչ Քեշիշյանի և նրա անձնակազմի: Նկարահանումը նման է պատերազմական իրավիճակի, ճակատամարտի, որտեղ ամեն մարդ պետք է ունենա իր հստակ անելիքը՝ գործառույթը: Գիտեմ, որ շատ ռեժիսորներ տանել չեն կարող .«Ո՞րն է ֆիլմի ասելիքը, մեսիջը» հարցը: Ռուբեն Մամուլյանի թևավոր խոսքն է. «Եթե մեսիջ եք ուզում ստանալ, դիմեք «Վեստերն Յունիոնին»:  

Բայց ես համաձայն չեմ: Ըստ իս արտիստներն ու արվեստի ոլորտի անձիք պետք է հասկանան այն զենքի հզորությունը, որն ունեն իրենց ձեռքում: Այդ զենքով մենք չենք կարող ուղղակի զվարճացնել մարդկանց: Մենք պարտավոր ենք ասելիքը տեղ հասցնել: Արվեստը պետք է արթնացնի «նիրհող» մարդուն, սթափեցնի նրան: Այս ֆիլմում շատ փխրուն մի երիտասարդ վերջում դառնում է հերոս: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս մեջ կա դժվարություններին դիմակայելու ուժ, պայքարող տեսակ: Եվ միայն անցնելով այդ ճանապարհը մենք կկարողանանք ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Սա է ֆիլմի մեսիջը:

Գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյան. 

– Սա իմ առաջին ֆիլմն է՝ դեբյուտային աշխատանքս է: Այս ֆիլմի նկարահանումներն արվել են նախքան «Կյանք ու կռիվը»: Հատուկ ֆիլմի նկարահանումների համար կլառնետ նվագելու և մեքենա վարելու դասընթացների եմ գնացել: Եվ եթե քիչ, թե շատ կարողացա հասկանալ, թե ինչպես է պետք բռնել, զգալ կլառնետը, ապա մեքենա վարել այդպես էլ չսովորեցի: 

Մեր դիտարկմանը, որ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի գովազդային կերպարը Սամվել Թադևոսյանն է հանդիսանում՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողության շնորհիվ, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պատասխանեց. «Երբ մենք նախաձեռնել էինք այս ֆիլմը դեռ չգիտեինք, որ լինելու է նաև «Կյանք ու կռիվը»: Նաև մեր մարկետինգը հատուկ այնպես չէինք տարել, որ ֆիլմը դուրս գա «Կյանք ու կռիվ» ֆիլմի հաջողությունից հետո: Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ճակատագիրը և այն կապրի այնքան, որքան այդ ֆիլմը կսիրի հանդիսատեսը: 

Մեր դիտարկմանը, որ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի բյուջեն բավականին մեծ է, արդյո՞ք այն «կվերադարձվի» միայն Սամվելի գործոնով, Քեշիշյանը պատասխանեց. «Մենք՝ մեր պրոդյուսերական թիմով հատուկ նպատակ չենք դրել՝ «հանել այդ բյուջեն»: Ֆիլմի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերին: Ես հույս ունեմ, որ մենք պրոդյուսերներով կկարողանանք աշխատել այնքան գումար, որ այն մեզ մոտիվացնի հաջորդ նոր նախագծերի իրականացմանը: Հավատացեք, երբ խոսքը ստեղծագործության մասին է, միշտ չէ, որ տեղին է դա վերածել թվաբանության»: 

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դերակատար Սամվել Թադևոսյանը չի վախենում, որ ֆիլմի բաց տեսարանները կդառնան քննարկման թեմա, Սամվելը պատասխանեց. «Այդ առումով քննադատությունն ինձ ընդհանրապես չի հուզում: Ամոթ էլ ա, որ դա քննադատման թեմա դառնա: Այսօր արվեստն այնպիսի մերկության է հասել, որ ուղղակի ծիծաղելի է այդ թեմայով խոսելը: Ես մերկ եմ»: Ռեժիսորը ևս անրադարձավ այդ հարցին. «Երբեմն շփոթում ենք մերկությունը անբարոյականության հետ: Հագուստի մեջ չէ բարոյականությունը: Ի՞նչ անբարոյականության մասին է խոսքը, երբ մենք բոլորս սեքսի արդյունք ենք»: 

Մեր հարցին՝ արդյո՞ք հայ դերասանուհիները չէին համաձայնում նկարահանվել բաց տեսարաններում և դա հնարավոր է դա՞ է եղել ռուս դերասանուհու ընտրության պատճառը, Հ. Քեշիշյանը պատասխանեց. «Մեր բոլոր դերասանուհիներն էլ համաձայն էին: Մենք ունեցել ենք հիանալի դերասանուհիների քասթինգ, սակայն ընտրել ենք Մարիային»: 

Ֆիլմը կարող եք դիտել մարտի 3-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս