«Մասիսում շատ դժվար է եղել մեր տղաներին պահել, որ չդիմեն պատասխան գործողությունների». Նաիրա Զոհրաբյան

Մասիսում տեղի ունեցած միջադեպը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ թաքցնելու որևէ բան չկա, Սայաթ Նովայի մեր պատասխանատուներից մեկին Մասիսի հանրապետական պատգամավորի նախընտրական շտաբի հանրապետական ակտիվիստը դանակահարակել է: Ի դեպ, բավականին լուրջ վնասվածք էր ստացել, 4 տեղից ծակող լուրջ վնասվածք էր ստացել, երեկ տևական ժամանակ Էրեբունի կլինիկայում վիրահատել են, փասռք Աստծո, այսօր առավոտյան վիճակը կայունացել է, բայց, ինչպես ասում են, սա դեռևս ծաղիկներն են: Մենք քանիցս զգուշացրել ենք, ռեյտինգային այս ընտրակարգն իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում ընտրապայքարը քաղաքական դաշտից գլադիատորների, ցլամարտի դաշտ տեղափոխելու:

Ուստի հորդորս և կոչս բոլոր քաղաքական ուժերին, հատկապես` տեղերում իրենց ամենակարող և բեսպրեդել համարող որոշ թեկնածուների, դուք լավություն չեք անում անգամ ձեր կուսակցությանը, որովհետև այս ամենն արձանագրվում է ոչ միայն մեր հանրության, այլև դիտորդական առաքելությունների կառույցների կողմից և դրանով դուք ուղղակիորեն ստվերում եք ձեր իսկ կուսակցության շատ պայծառ հայտարարությունները անբիծ ազատ և արդար ընտրությունների մասին: Ապրիլի 2-ով կյանքը չի ավարտվելու:

Դա պետք է հասկանանք բոլորս և նաև նրանք, ում համար մեկ քվեն շատ ավելին արժե, քան մարդու կյանքը: Շատ մեծ է վտանգն այս ռեյտինգային համակարգի դեպքում ընտրապայքարը քաղաքական դաշտից տեղափոխել գլադիատորական, ցլամարտի դաշտ»:

Ըստ նրա` իրենց անելիքն ընտրական պրոցեսում դաշինքի ծրագիրը ներկայացնելն է:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ ամենահեշտ տարբերակը դանակին դանակով պատասխանելն է, բումերանգի էֆեկտը որևէ մեկը դեռևս չեղյալ չի հայտարարել, բայց այն քաղաքական ուժերը, որ մտածում են երկրի վարկանիշի մասին, պետք է սթափվեն, այլ տարբերակ չկա:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ որոշ միջադպերի մասին մամուլը տեղեկանում է, իսկ որոշ դեպքեր դուրս չեն գալիս մամուլ, իրար բախված թեկնածուները շատ արագ տեղերում կոծկում են. «Այլապես, եթե քարոզարշավը քաղաքական տիրույթում չկարողանանք պահել, հետևանքները լինելու են ուղղակի աղետալի»:

168.am-ի հարցին, թե սա ինչի՞ հետևանք է, արջի ծառայությո՞ւն է, ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում, թե՞ պարզապես Սերժ Սարգսյանի խոսքը չեն հարգում, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կդժվարանամ ասել, թե իրենց մոտիվացիան որն է: Տվյալ թեկնածուն Մասիսում ամենուր հայտարարում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է և ինքը ցանկացած գնով ապահովելու է իր քվեն: «Ցանկացած գին» ասվածը ես իրավունք ունեմ հասկանալ նաև մարդ սպանել, մարդ մորթել, ահաբեկել, շտաբ վառելու կոչեր անել և իրենք դրանով ՀՀԿ-ին բացարձակ լավ ծառայություն չեն մատուցում: Հետևություններ պետք է անի արդեն կուսակցության ղեկավարությունը: Եթե նման մի թեկնածու, որին զգուշացվել է, որ իր բեսպրեդել վարքագիծը թարգի, հանվի ընտրապայքարից, կարծում եմ, սա դաս կլինի բոլոր պոտենցիալ գլադիատորների համար, ում համար ընտրությունը գլադիատորական ցլամարտ է, և ոչ թե ծրագրերի, գաղափարների պայքար»:

Պատգամավորը նշեց, որ իրենց բոլոր ռեյտինգային թեկնածուներին զգուշացված է` չներքաշվել որևէ սադրանքի մեջ. «Մասիսում շատ դժվար է եղել մեր տղաներին պահել, որ չդիմեն պատասխան գործողությունների: Պատկերացրեք հոր վիճակը, խոսել ենք իր հետ, խնդրել ենք, որ չդիմի պատասխան գործողությունների»:

Տեսանյութեր

Լրահոս