«ՀՀԿ-ն ոչ մի միջադեպի վրա աչք չի փակելու». Էդուարդ Շարմազանովը՝ միջադեպերի մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Մասիսում դանակահարության դեպքով իրավապահները պետք է զբաղվեն: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, թե ԲՀԿ-կան Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ քաղաքական ենթատեքստ է եղել, Շարմազանովը հակադարձեց, թե պնդելու փոխարեն լավ կանի նա դիմի իրավապահ մարմիններին:

«Եթե կա հանցագործության խնդիր, օրենքի խախտում, բնականաբար, անկախ թե ում կողմնակիցներն են արել և ունի քաղաքական դրդապատճառ, թե ոչ, պետք է պատժվեն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն նախընտրական պայքարի ընթացքում և ոչ միայն նախընտրական պայքարի, քաղաքական պայքարը վերածել բռունցքների պաքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Եթե կփորձեն ապատեղեկատվություն տարածեն` ևս: Մենք` որպես քաղաքական իշխանություն, փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այս ընտրությունները լինեն օրինականության սահմաններում: Մնացյալը իրավաահների, լրատվամիջոցների խնդիրն է, որ վերհանեք և չկա որևէ հաղորդման փաստ, որ իրավապահ մարմինները չարձագանքեն»,- ասաց Շարմազանովը:

Թե ինչո՞ւ է բոլոր միջադեպերում Հանրապետականը մասնակից կողմ լինում, Շարմազանովը պատասխանեց, որ 1998 թ-ից այս կողմ գլխավոր դերում Հանրապետականն է. «Բնականաբար, իշխանությունը պետք է լինի գլխավոր դերում»:

Շարմազանովը կրկին հորդորեց բոլոր դեպքերի համար դիմել իրավապահներն և արհեստական չշիկացնել նախընտրական մթնոլորտը: Նա համաձայնեց իր գործընկեր Դավիթ Հարությունյանի հետ, որ եթե մի գործընթացում ներգրավված են 1000-ից ավելի թեկնածուներ, հարյուր հազարավոր կողմնակիցներ, չի կարող լինել առանց որևէ էքսցեսների. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ միջադեպերը պատժվեն և ամեն ինչ գնա օրինականության սահմաններով: ՀՀԿ-ն դատապարտում է նման քայլերը և բոլոր անօրինական երևույթները և ՀՀԿ ոչ մի միջադեպի վրա աչք չի փակելու: Աստված մի արասցե, որ մեն ապրենք մի երկրում, որտեղ գործի ոչ թե օրենքը, այլ ականջ քաշելը: Կան իրավապահներ, իսկ ականջ քաշում է հայրիկը երեխայի»:

168.am-ի դիտարկմանը, որ փաստորեն Սերժ Սարգսյանի խոսքը չեն հարգում, Շարմազանովը հակադարձեց. «Ո՞վ է ասում: Դուք որոշել եք, որ այդ բանն անողը ՀՀԿ թեկնածո՞ւ է: Մուրադ Մուրադյանը հերքել է, որ իր հետ կապ ունի: Իրավապահները կքննեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս