«ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ Արցախում՝ նախագահը»
Արցախը ժողովրդավարության առումով չի զիջում որևէ այլ պետության: Փետրվարի 20-ին թիվ 3/3 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Կա տարբերություն Հայաստանի և Արցախի Սահմանադրությունների միջև: ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինելու, իսկ Արցախում՝ նախագահը։ Իսկ պառլամենտարիզմի առումով Արցախի խորհրդարանին տրված է բավականին մեծ լիազորություններ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ԼՂՀ վարչապետը մասնավորապես ասաց. «1988 թվականի փետրվարին մենք գիտեինք, որ միջազգային հանրության հետ կապված բարդ խնդիրներ ենք ունենալու։ Ամենակարևորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք առաջին հերթին մեզ համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի»,- ընդգծեց Հարությունյանը։
Վարչապետը նշեց, որ անձնագիր ներկայացնելու ժամանակ հիշեց 1988 թվականը, երբ երազում էին այն ունենալ: «Այսօր մենք ոչ միայն ունենք անձնագիր, այլ այդ անձնագրով վկայում ենք, որ ունենք ձևավորված պետություն և որ ամենակարևորն է՝ այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորացնելու», – նշեց Արցախի վարչապետը: