2016-ին տնտեսական աճը կլինի 0.5%. տվյալներ՝ 100 օրվա հաշվետվությունից
2016 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, Ազգային վիճակագրական ծառայությունը այն կհրապարակի փետրվարից ոչ շուտ։
Դատելով 2016 թվականի առաջին 3 եռամսյակների ՀՆԱ-ի ցուցանիշներից և 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշից (0.6%)` դժվար չէր ենթադրել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ աճը կլինի 1%-ից պակաս՝ շատ ավելի ցածր, քան կանխատեսվում էր։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանվեց կառավարության գործունեության 100 օրվան նվիրված հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր ցուցանիշներ կան։
Գծապատկերը, որը դուք տեսնում եք, վերցված է հենց այդ հաշվետվությունից։
Նարնջագույն կորը ՀՆԱ-ի աճն է (հաշվետվությունում նշված է՝ ՀՆԱ-ն շուկայական գներով, սակայն հաշվի առնելով նախորդ տարիների մեծությունները՝ խոսքը վերաբերում է հենց աճին)։
2016 թվականի ցուցանիշը, ինչպես տեսնում եք, 0.5% է։ Ընդ որում, նշված չէ, որ դա կանխատեսում է (ինչպես, օրինակ, երկրորդ գծապատկերում արտաքին պետական պարտքի դեպքում)։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ կառավարությունը ներկայացրել է օպերատիվ տվյալը, որը դեռևս հրապարակված չէ։ Իսկ եթե սա անգամ կանխատեսում է, ապա ամենաթարմ կանխատեսումն է, և փաստացի ցուցանիշը դժվար թե զգալիորեն շեղվի 0.5%-ից։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը, անկեղծ ասած, անհասկանալի մեծություն ունի։ 2016 թվականի հունվար-նոյեմբերի համար այն ՏԱՑ-ը 100.4 արժեք ուներ (0.4% աճ)։ Իսկ 63%-ը որևէ կերպ հնարավոր չէ բացատրել։
Անհասկանալի է նաև երկրորդ գծապատկերը։
Նարնջագույն կորը, ինչպես նշվում է գծապատկերի ներքևում, ցույց է տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը։ 2016 թվականին կանխատեսվում է 522 մլն դոլար` 2015 թվականի 496 միլիոնի դիմաց։ Այսինքն, ստացվում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են, սակայն ԱՎԾ տվյալներով՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումների զուտ հոսքերը շուրջ 1/3-ով կրճատվել էին։ Իհարկե, մի դեպքում գործ ունենք ներդրումների ընդհանուր ներհոսքի հետ, մյուս դեպքում՝ զուտ ներհոսքի, սակայն այսպիսի շեղումը խիստ տարօրինակ է։
Պարտքի դեպքում (կապույտ սյունակ) նույնպես ամեն ինչ շատ խառն է։ Նախ, գծապատկերի վերևում նշված է, որ խոսքը արտաքին պետական պարտքի մասին է, իսկ ներքևում՝ համախառն արտաքին պարտքի մասին։ Դրանք տարբեր հասկացություններ են։
Նշենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր հրապարակել է պետական պարտքի ամսական հաշվետվությունը։ 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը (կառավարության և ԿԲ-ի) կազմել է 4 մլրդ 798.3 մլն դոլար, մինչդեռ կանխատեսման համաձայն՝ այն 4 մլրդ 847 մլն դոլար է։