Բաժիններ՝

COAF-­ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք­ երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր և աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:

«Արմենպրես»­ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու ինքնադրսևորվել հենց իրենց համայնքում և զարգացնել այն:

«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25­ից 30 համայնքներին»,­- ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք­երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF­-ի ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել և ապահովել դրանց շարունակականությունը»,­- հավելեց Հասմիկ Սարգսյանը: Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին, լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս