«Նոր օրենքով՝ եթե կուսակցությունը 2 անգամ անընդմեջ չի մասնակցում ԱԺ ընտրություններին կամ Երևան քաղաքի, Գյումրու և Վանաձորի ընտրություններին, ապա նրա գործունեությունը կասեցվում է»

Այսօր ԱԺ-ում Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենքում տեղ գտած փոփոխությունները.

«Կուսակցության գործունեության  սկզբունքների մեջ երկու կարևոր սկզբունքների շեշտադրում՝ հավասարություն և խտրականության արգելք: Խտրականությունը նշել ենք՝ տարբեր սեռերի և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավահավասարության տեսանկյունից: Երկրորդ փոփոխությունը՝ 1000 անդամի պահանջը, փոխարինել ենք 800 անդամի պահանջով: Նախագծի նախնական տարբերակում մենք խոսում էինք միաձայնության մասին ու ասում, որ հարյուրը պետք է միաձայն որոշում կայացնեն, այդ կարգը փոխել ենք՝ նվազագույնը հարյուր ձայն կամ միաձայնությունը պահանջվում է այն դեպքում, երբ որոշում է կայացվում կուսակցության ստեղծման մասին, որովհետև նվազագույնը 100 հոգի պետք է լինի, որոնք նայում են մեկ ուղղությամբ կամ ունեն նույն տեսլականը՝ կուսակցություն ձևավորելու մասին: Բայց մնացած որոշումները պետք է ընդունվեն ձայների մեծամասնությամբ»:

Հաջորդ փոփոխությունը, ըստ նախարարի՝ այն է, որ կուսակցությունը՝ որպես քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս, պետք է ունենա հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ հայեցակարգ. «Սա անչափ կարևոր դրույթ է. մենք դա արտացոլել ենք կուսակցության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի մեջ և նշել ենք, որ կուսակցության ծրագիրը պետք է արտացոլի հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ տվյալ միավորի ունեցած հայեցակարգը:

Նաև հնարավորություն ենք տալիս, որ կուսակցությունը համագումար անելուց հետո մեկ տարի հետո հավաքի այդ 800 հոգուն և ներկայացնի գրանցման փաստաթղթերը: Բայց նշել ենք, որ թեկուզ այդ մեկ տարվա ընթացքում դիմումը հետ է վերադարձվում, պետական տուրք չի գանձվում: Մենք սկզբունքորեն արգելում ենք, որ մի անձը լինի մի քանի կուսակցության անդամ, բայց քանի որ մենք չունենք անդամների վերահսկողության մեխանիզմ (հիմնադիրների դեպքում ունենք ու կարողանում ենք հսկողություն անցկացնել), բայց այդ 800 անդամի վերահսկողությունը հնարավոր չէ անցկացնել: Իսկ եթե գրում ես մի դրույթ, որի հետևից չես կարող գնալ, սկզբունքորեն ստացվում է հռչակագրային նորմ»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ, թեև ԱԺ պատգամավորներն առաջարկել են, որ  արգելք պետք է լինի ինչպես՝ դատախազների, դատավորների, քննիչների դեպքում, այնպես էլ՝ արգելվի որևէ կուսակցության անդամակցելը Զինված ուժերի, Ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ռազմականացված կառույցների համար, բայց սահմանադրական նորմը, ըստ նրա՝ արգելք դնում է միայն դատախազների, դատավորների ու քննիչների համար և նշում, որ օրենքով կարող են լինել սահմանափակումներ այլ համապատասխան կառույցների համար. «Այդ փոփոխությունը մենք նախատեսում ենք իրականացնել, ընդ որում՝ դա նախատեսված է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում: Սա այն օրենքը չէ, որտեղ մենք պետք է գրեինք, թե ԱԱԾ-ում կամ Ոստիկանությունում որ պաշտոնյան կարող է լինել կուսակցական»:

Նախարարն ընդգծեց, որ կուսակցության կանոնադրությունը պետք է պարունակի կուսակցության ընտրական ցուցակների ձևավորման կարգին վերաբերող դրույթներ՝ կուսակցության անդամների, տարածքային ստորաբաժանումների առաջարկությունների հիման վրա: Նա նշեց, որ կուսակցությունների ֆինանսավորման բանաձևում փոփոխություններ են կատարվել. «Բյուջետային սուղ միջոցները հաշվի առնելով՝ գործակիցը փոխվել է. 0.03-ի փոխարեն՝ նախատեսել ենք 0.04, որը 20-25 մլն դրամ ֆինանսավորման ավելացում է նշանակում:

Սահմանափակել ենք նաև անդամավճարների առավելագույն չափը. 1 տարվա կտրվածքով ֆիզիկական անձի կողմից անդամավճարի չափը՝ 1 մլն դրամ»:

Նախարարը նշեց, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը բարձրացրել են կուսակցության գործունեության նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելու հարցը, եթե տվյալ կուսակցությունը գործունեություն չի ծավալում.

«ՕԵԿ-ի կողմից հնչել էր առաջարկություն, որ, եթե 10 տարի անընդմեջ կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, ապա պետք է լուծարվի: Ուզում եմ ասել, որ ունենք եվրոպական երկրներ, որտեղ թույլատրվում է նման մոտեցումը: Ուզում եմ նաև ասել, որ մենք ամրագրել ենք մի փոքր այլ մոտեցում՝ պայմանավորված ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխություններով: Մենք այնտեղ խոսում ենք կուսակցության գործունեության կասեցման և արգելման մասին ու փորձել ենք այդ ռեժիմի շրջանակներում ամրագրել ձեր առաջարկները: Ամրագրել ենք, որ, եթե կուսակցությունը երկու անգամ անընդմեջ չի մասնակցում ԱԺ ընտրություններին կամ Երևան քաղաքի, Գյումրու և Վանաձորի ընտրություններին, ապա կուսակցության գործունեությունը կասեցվում է: Կասեցումը տեղի է ունենում մեկ տարի ժամկետով: Եթե մեկ տարի հետո կուսակցությունը կրկին ընտրությունների չի մասնակցում, ապա նորից կասեցվում է նրա գործունեությունը: Լուծարման որոշում պետք է կայացնի բացառապես կուսակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս