«ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար, մրցակցային պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ». Շարմազանով
«Նախ` նախկին նախարարը` պարոն Օհանյանը, ինքը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել, երկրորդը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, նաև պաշտոնաթող պաշտոնյաները, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, օրենքի սահմաններում զբաղվել այն ոլորտով, որը հնարավորություն է տալիս Սահմանադրությունը: Սահմանադրությունը 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս, կարող է զբաղվել:
Ինչ վերաբերում է երկու նախկին արտգործնախարարների և մեկ պաշտպանության նախկին նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, ապա դա իրենց որոշելիքն է, ես դա ոչ մեկնաբանելու, ոչ ողջունելու, ոչ էլ չողջունելու խնդիր չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարության մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» և Սեյրան Օհանյանի հնարավոր կուսակցության հետ գործակցության շուրջ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում:
Ըստ նրա` առհասարակ չկա ընդիմադիր և իշխանամետ, ժողովուրդն է ընտրությունների ընթացքում որոշում` ով է դառնում ընդդիմադիր, ով է դառնում իշխանամետ. «Եվ մենք մեր քաղաքական ընտրապայքարում չենք տարբերակում, մեր քաղաքական մրցապայքարում հատուկ թիրախներ չենք ընտրում, որ ինչ-որ մեկի դեմ պայքարենք: Մենք անկախ նրանից՝ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը կնստեն կամ կվերադառնան քաղաքականություն, մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, գնալու ենք այդ օրակարգով, այդ օրակարգը նախանշել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»:
Է.Շարմազանովի խոսքով` ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե ովքեր են ընտրողների ամենահավանական ֆավորիտներն ընդդիմադիր դաշտում, և Մարուքյան-Փաշինյան-Արամ Սարգսյան եռյակ միությունից հետո հնարավոր նոր դաշինքներ նախընտրական ֆորմատով ընդդիմադիր դաշտում կլինեն, գուցե այդ դաշինքը նաև դա է: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար, մրցակցային պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ` անկախ՝ դա կլինի նախկին պաշտպանության նախարար, մեծահարուստ, նախկին քաղաքական գործիչ, եռյակ երիտասարդ դաշինք, թե այլ: