«Ասպիրանտուրայում սովորող տղաները կիլոմետրերով հեռու են գիտությունից. նրանք ուղղակի խուսափում են բանակում ծառայելուց». Ռուբիկ Հակոբյան
«Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա դա չի կարող ունենալ ճիշտ լուծում: Ինձ թվում է՝ այս տարիների ընթացքում ոլորտներում շատ լուրջ պրոբլեմներ ենք առաջացրել ու փորձում ենք դրանք լուծել: Հետևաբար՝ եթե խնդիրը սխալ ձևակերպված չլիներ, մենք էլ այսքան չէինք չարչարվի ու չէինք անդրադառնա մեր կողմից սխալ ձևակերպված բանաձևերին: Այս նախագիծն այդ խնդիրները լուծելուց մեկն է, որն էլի մենք ենք ստեղծել»,- այսօր ԱԺ նիստի ընթացքում նման տեսակետ հայտնեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ երբ թույլատրվեց, որ ասպիրանտուրայում սովորող տղաները բանակ չգնան, ստեղծվեց մի իրավիճակ, երբ բուհերի ասպիրանտուրաներում սովորում են միայն արական սեռի ներկայացուցիչներ:
«Եվ եթե մի քիչ խոհանոցին ծանոթանում ես, տեսնում ես, որ ամեն ինչ անում են, որպեսզի տղաները կարողանան մտնել այդ ոլորտ, խուսափել բանակում ծառայելուց, բայց գիտության հետ որևէ կապ չունեն: Նրանք կիլոմետրերով հեռու են գիտությունից: Գիտությունն ի՞նչ օգուտ է ունեցել դրանից, ընդհակառակը՝ գիտությունը պարտվել է, շահել է դեմագոգիան, սողանցքներ փնտրողների խումբը: Կամ մարդիկ կան, որ պետության հաշվին գործողվում են դրսում սովորելու, բայց ավարտելուց հետո դառնում են այդ տվյալ երկրի քաղաքացի, բանակում չեն ծառայում, ու մենք միայն տուժել ենք: Այսինքն՝ վաղն էլ պետք է գանք՝ այս հարցը փորձենք լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայացված օրենքի նախագիծը «շատ փոքր բան է» և որևէ խնդիր չի լուծում:
Ըստ նրա՝ այդ խնդիրները կարող են լուծվել միայն մեկ դեպքում. եթե ստեղծվեն հավասար պայմաններ, և յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ 18 տարին լրանալուց հետո պարտավոր է ծառայել բանակում.
«Բացի միջազգային հարթակներում որոշակի կարգավիճակ ունեցողները, օրինակ՝ սպորտի, մշակույթի, արվեստի բնագավառում հաղթանակ տարածները, դափնեկիրները: Միայն այս դեպքում մեր բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք պետք է սողանցք չթողնենք, բոլորը պետք է ծառայեն բանակում: Երբ այդ հարցը բարձրացրել եմ, բոլորն ինձ մեղադրել են, թե դա ի վնաս գիտության է, բայց իրականում դա կոռուպցիայի դաշտ է»:
Պատգամավորը նշեց՝ ո՞վ է որոշել, որ այն մարդիկ, որոնք չեն ծառայում, փախչում են, հետո վերադառնում ու գումար են վճարում.
«Դա չնչին բան է. նա իր մորն ու քրոջը թողնում-գնում է, հետո գալիս, 8 մլն վճարում ու ազատվում է: Դա բոլոր առումներով սխալ է: Դա պետք է փոխել և մեր պետության յուրահատկությանը հարիր օրենքներ ընդունել»: