«Իմ մորը ցանկանում են ոչնչացնել». Գյուլնարա Քարիմովայի որդին՝ մորը սպառնացող վտանգի մասին
BBC-ի ուզբեկական ծառայությունը զրուցել է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի որդու՝ Իսլամ Քարիմով-Կրտսերի հետ և նրան հարցեր ուղղել ներկայումս տնային կալանքի տակ գտնվող մոր, ինչպես նաև երկրի նախկին նախագահի ընտանիքի շուրջ ստեղծված վիճակի մասին։
Տղան հայտնել է, որ ներկայումս իր մայրը գտնվում է տնային կալանքի տակ։ «Նրան այնտեղ պահում են հենց ամենասկզբից, և լուրերը, թե նա հեռացել է այլ երկրներ, որ զբոսում է քաղաքում, կեղծ էին։ Այսինքն՝ վարձում էին մարդկանց ու հագցնում, որպեսզի զբոսնեն ու մեքենաներ վարեն, սակայն փաստն այն է, որ նա դուրս չի եկել այդտեղից»,- պատմել է 44-ամյա Քարիմովայի որդին։
Վերջինիս խոսքով՝ իր մայրը ոչ պաշտոնապես է գտնվում տնային կալանքի տակ։ «Նրան չեն ասել, թե ինչ գործով, ինչ ժամկետով, սակայն դա պապիկիս օրոք էր։ Հիմա նա այլևս չկա, և ոչ ոք չի հայտարարել՝ արդյո՞ք շարունակվում է տնային կալանքը, նորացվում է, թե՞ պաշտոնական է»,- ասել է Իսլամ Քարիմով-Կրտսերը։
«Տեղի է ունենում բարոյական ճնշում, որը հնարավոր չէ ոչնչով բացատրել։ Եթե մարդը ինչ-որ պատիժ է կրում, ապա ինչու է նման բան տեղի ունենում։ Սա արդեն անձնական ինչ-որ բան է»,- ասել է տղան՝ հայտնելով, թե ոչ ոք չի կարող մոտենալ այն տանը, որտեղ գտնվում է իր մայրը կամ տեսնել նրան։ Գյուլնարայի որդու խոսքով՝ մորը միայն երբեմն կարող է տեսնել իր քույրը, իսկ ինքը նրա հետ անմիջական կապ չունի։
«Եթե նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա, միակ մարդը, որը կիմանա, քույրս է։ Իրավիճակը հիմա թեժանում է։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ձևով, բայց նրանք ցանկանում են ոչնչացնել նրան (Գյուլնարային)՝ երևի թե թունավորելով»,- ասել է տղան։
Հիշեցնենք, որ Քարիմովի մահից հետո նրա ավագ դուստրը չի հայտնվել հանրության առաջ, իսկ հանրապետության նախագահի ապարատը չի պատասխանում Գյուլնարայի մասին հարցերին։ Բացի այդ՝ երկրի ապագա նախագահ Շևքաթ Միրզիևը չէր հիշատակել Քարիմովայի անունը ցավակցությունների ժամանակ, որը հնչել էր խորհրդարանում՝ դիմելով նախագահի ընտանիքին։
Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։