Ամենամեծ պատճառը, թե ինչու Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ-ական՝ ըստ Ստեփան Սաֆարյանի
«Շատ ավելի կարևոր է նայել, թե ինչ է սպասվում առաջիկայում. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և Սերժ Սարգսյանը չի կարող գլխավորել այդ ցուցակը՝ որպես ՀՀ նախագահ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի 2018 թվականից հետո վերադառնալ վարչապետի աթոռին, ինչ-որ մեկը պետք է տեղապահ լինի. «Բնականաբար, այս կտրվածքով նորմալ չի լինի, որ Կարեն Կարապետյանն անկուսակցական մնա և ղեկավարի այդ ցուցակը։ Ի վերջո, նաև մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը չի կարող լքել նախագահի պաշտոնը և դառնալ վարչապետ, հետևաբար՝ պետք է որևէ մեկը պահպանի այդ տեղը, որը կարճաժամկետ արդյունքներ կապահովի ընտրությունների համար, ու նաև տարօրինակ չի լինի, որ գլխավորում է ՀՀԿ-ի ցուցակը, բայց անկուսակցական է»։
Անդրադառնալով՝ նրան, որ այսօր հայտնի դարձավ նաև, որ վարչապետի թիմակիցները՝ կառավարության այլ անդամներ ևս, անդամակցում են ՀՀԿ-ին՝ Ս. Սաֆարյանը նկատեց, որ Էդուարդ Շարմազանովը շատ հստակ ասել է, որ նրանք, ովքեր կուսակցական չեն լինի, կարճ կարիերա կունենան, նրանք, ովքեր լավ են աշխատում, բայց ուզում են էլի աշխատել, ուղղակի պետք է կուսակցական լինեն։
Խոսելով նաև վարչապետի՝ իր կուսակցական դառնալու վերաբերյալ նշած հիմնավորումների մասին՝ Ս. Սաֆարյանն ասաց. «Սվաղվում է այն, որ Կարեն Կարապետյանը պահելու է վարչապետի աթոռը մինչև 2018 թվականը, ամենամեծ պատճառը սա է»։