Վարնավա-Մարինին զույգը «Սառցե դարաշրջան»-ում գեղասահեց «Արի, իմ սոխակ» երգի ներքո՝ ցուցադրելով անմոռուկը
Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի եթերում ցուցադրվող «Սառցե դարաշրջան» շոուի հինգերերոդ փուլում Եկատերինա Վարնավա եւ Մաքսիմ Մարինին զույգը պարեց «Արի, իմ սոխակ» հայտնի հայկական երգի ներքո: Նրանց մարզիչը Իլյա Ավերբուխն է։ Համարի վերջում արտիստները ծածկվեցին սպիտակ կտորով, որի վրա պատկերված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը՝ անմոռուկը: Ելույթից հետո զույգը հավաքեց 11.96 միավոր:
Ժյուրիի անդամ Թիմուր Ռոդրիգեսը նշեց, որ նման թեմա վերցնելը մեծ պատասխանատվություն է: «Մեծ պատասխանատվություն է Հայոց ցեղասպանության թեմայով պար բեմադրելը, քանի որ ոտքերդ սկսում են դողալ եւ դու մոռանում ես բոլոր տարրերի մասին: Միայն մտածում ես, թե ինչպես պետք է ճիշտ ներկայացնես այդ թեման: Դուք արել եք ամենակարեւորը։ Այդ նրբությունները հասան մեր սրտերին», նշել է նա:
Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Մաքսիմ Մարինինը նշել է. «Այս պատմությունն ունի շատ մութ կողմեր, եւ մենք ցանկանում էինք ասել, որ մարդիկ չպետք է մոռանան այս փաստը, որն ընդունված չէ աշխարհի մի շարք երկրների կողմից: Մեր ելույթը նվիրված էր այդ անմեղ զոհերի հիշատակին»: Եկատերինա Վարնավան էլ իր հերթին նշեց, որ հուզական առումով կորցրել էր իրեն սառույցի վրա: «Դեռ երբեք նման զգացողություններ չէի ապրել»,- ասել է նա։