«Տղայիս առողջ ուղարկեցի բանակ, հիվանդ ետ ուղարկեցին»
Տանաշյանների բազմանդամ ընտանիքը 21 տարի է` ապրում է կիսախարխուլ տնակում: Ընտանիքն անօթեւանության կարգավիճակ չունի: Նախկինում բնակվել են ընտանիքի հոր` Խորեն Տանաշյանի հայրական բնակարանում, 1991 թվականից տեղափոխվել ու մինչ այժմ բնակվում են Շիրակացի փողոցի 209/363 տնակում: Այս մասին գրում է asparez.am-ը:
Տնակը ամայի տարածքում է, քաղաքից բավական հեռու: Տանաշյաններն ասում են` եթե հնարավորության դեպքում տնակը վերանորոգեն, ապա կշարունակեն ապրել:
-Մենք աշխատանք չունենք: Մեր եկամուտը մենակ թոշակ, նպաստն է,-ասում է ընտանիքի մայրը` Լալա Ստեփանյանն ու ավելացնում, որ ընտանիքում բոլորը գործազուրկ են: Երբեմն ժամանակավոր աշխատանք կարողանում է գտնել Խորեն Տանաշյանը:
Լալա Տանաշյանը հաշմանդամության կարգ ունի: Ընտանիքի կրտսեր տղան` Սարգիս Տանաշյանը, եւս առողջական խնդիրներ ունի: Ծնողների հավաստմամբ` խնդիրներն առաջացել են բանակ մեկնելուց հետո:
-Էրեխեն անընդհատ ցնցման մեջ կընկնի, երբ քրտնում է, ցնցման մեջ է ընկնում: Մոտը ներվային խախտումներ են առաջացել,-ասում է հայրն ու պատմում, որ ամեն ինչ սկսվել է ծառայության առաջին ամսում,- պրիսյագին որ գնացինք` սապոկը վնասել էր ոտքի կոճիկը: Էրեխես ոտը գետին չէր կրնա դներ: Ճնշումը անընդհատ կելներ,-հիշում է Խ. Տանաշյանը:
Խորեն Տանաշյանն ասում է նաեւ, որ տղան ծառայության ամբողջ ընթացքը անցկացրել է Ստեփանակերտի եւ Երեւանի զինվորական հոսպիտալներում:
Սարգիս Տանաշյանը պարտադիր զինվորական ծառայության մեկնել է 2015 թվականի հուլիսի մեկին եւ անավարտ թողնելով` վերադարձել: Վիճակահանությամբ ծառայությունը պետք է անցկացներ Ջեբրայիլում: Մայրն ասում է, որ տղայի գնալուց մեկ շաբաթ անց իրենց տեղեկացրել են, որ Սարգիսը հոսպիտալում է:
-Էդ թղթից մեկ ամիս հետո հիվանդությունը գնալով բարդացավ: Ջերմությունը կելներ, չէր իջնի,-ասում է Լալա Ստեփանյանը,-տղայիս առողջ ուղարկեցի բանակ, հիվանդ ետ ուղարկեցին: Ես իմ առողջ տղային եմ ուզում:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունից Լալա Ստեփանյանին գրավոր պատասխանել են, որ 2015 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Սարգսի մոտ ախտորոշվել են ստամոքսի բազմաթիվ խոցեր: 15 օր ստացիոնար բուժում ստանալուց հետո վերադարձել է զորամաս:
2016 թվականի մարտի 31-ին տրված հիվանդության վկայագրի համաձայն Սարգիս Տանաշյանի մոտ ախտորոշվել է ընդհանուր թուլություն, գլխացավ, սրունք-թաթային հոդերի այտուցվածություն, մեզի գույնի փոփոխություն, ողնաշարի գոտկային հատվածի ցավեր: Համալիր բժշկական հետազոտությունից հետո ռազմաբժշկական հանձնաժողովը հաստատել է, որ Սարգսի հիվանդությունները զարգացել են զինվորական ծառայության ընթացքում:
Ռազմաբժշկական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` Սարգիս Տանաշյանը խաղաղ պայմաններում ծառայության համար ճանաչվել է անպիտան, իսկ պատերազմական իրավիճակներում` կարող է սահմանափակ ծառայություն իրականացնել:
Սակայն Սարգիս Տանաշյանին, ըստ ծնողների, բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը հաշմանդամ չի ճանաչում:
3-րդ կարգի հաշմանդամություն ունի նաեւ Տանաշյանների ավագ որդին` Հովհաննեսը:
-Տեսողությունը մինուս 17-18 էր ելե: Ստիպված տոկոսով փող վերցրեցինք, որ վիրահատենք,-ասում է մայրը:
Նոյեմբերի 14-ին Հովհաննես Տանաշյանը ավտովթարի էր ենթարկվել: Օպել վեկտրա մակնիշի մեքենան բախվել էր Հովհաննես Տանաշյանի մոտոցիկլետին: 21-ամյա Հովհաննեսը գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակը միջին ծանրության է:
Ծնողներն ասում են, որ մոտոցիկլետի հանդեպ նախասիրություններ ունեցել է դեռ վաղ տարիքից:
Տանաշյաններն ունեն նաեւ երկու անչափահաս աղջիկ` 13 եւ 8 տարեկան:
Նարեկ Կիրակոսյան