Թուրքիան կառուցել է ժխտողականության պատ. Forbes-ի անդրադարձը «Խոստում» ֆիլմին
Ամերիկյան հեղինակավոր Forbes բիզնես ամսագրի հեղինակ Ստեֆան Իրիգը ծավալուն հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին և անդրադարձել դրա շուրջ ձևավորված ժխտողականության մթնոլորտին: Հեղինակը նշում է, որ ցեղասպանության մասին խոսելով դառնում ես թուրք ազգայնականների ու ժխտողականների թիրախը:
«Այս մասին գրելը վտանգավոր է: Հայոց ցեղասպանության մասին խոսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնվազն հոգնեցնող փորձառություն կլինի այն մասին, թե ինչպես ես առցանց վիրավորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչև հիմա դա արդիական էր անհատների` ակադեմիկոսների, արտիստների և ակտիվիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաև հոլիվուդյան ֆիլմերի համար»,- գրում է հեղինակը:
Նա պատմում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիան լքեց ԵՄ մշակութային ծրագիրն այն բանի համար, որ դրա շրջանակում դրեզդենյան սիմֆոնիկ նվագախումբը հարգելու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ վերջերս էլ Թուրքիան կանխեց Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում կայանալիք համերգը: «Այժմ մենք հաջորդ հակահայկական քարոզարշավի կենտրոնում ենք: Այս անգամ դրա կենտրում հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին»,- գրում է Իրիգը: Նա ներկայացնում է, թե ինչպես են նախկինում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի նախագծերը տապալվել թուրքական կողմի ջանքերով:
«Թուրքական կառավարությունը կառուցել է պարտադրված լռության հարաբերականորեն հաջողված մի պատ, որը վախեցնելով ոչ միայն արգելափակում է թեմային ծանոթանալու փորձերը, այլև տարբեր միջոցներով կանխում է թեմայի քննարկումը: Թուրքական ժխտողականությունն անցյալի հարց չէ: Դա ոչ միայն ուղղակի միջամտություն է կառավարության կամ դեսպանության կողմից, այլ նաև վախեցնելու, հարկադրված լռության դատապարտելու մթնոլորտ»,- ընդգծում է հեղինակը:
Անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին` նա փաստում է, որ այն շատ ավելի հեռուն գնաց, քան դրան նախորդած ծրագրերը և դա գլխավորապես այն բանի պատճառով, որ ֆիլմն անկախ ֆինանսավորում ուներ: Հեղինակի խոսքով` դա երբևէ ամենաթանկ անկախ ֆիլմերից է: Այդուհանդերձ, այն չունի դիտրիբյուտորներ, և հենց այստեղ է, որ գործում են թուրքական սպառնալիքը, բոյկոտն ու հարվածները:
Ստեֆան Իրիգը ներկայանում է, թե ինչպես ֆիլմերի ամենամեծ առցանց բազայում` IMDB-ում ակտիվորեն սկսել են մեկ գնահատել ֆիլմն այն դեպքում, երբ այն դեռ կինոթատրոնների էկրաններին չի էլ հայտնվել: «Վերջին շաբաթների ընթացքում ֆիլմի օգտին քվեարկել է շուրջ 91 հազար մարդ: Ընդ որում, քվեարկողները հիմնականում կամ մեկ են այն գնահատել, կամ տասը: Մեծ մասը` 57 հազարը, մեկ գնահատածներն են: Սա ֆիլմի վարկանիշը գցելու ակնհայտ փորձ է: Մենք ականատեսն ենք հակահայկական ժխտողական ևս մեկ քարոզարշավի, որը տեղի է ունենում շատ հեռու Թուրքիայից: Թեպետ հստակ հայտնի չէ, ով է կանգնած այս քարոզի հետևում, սակայն կարելի է ենթադրել, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ամեն բան տանում է դեպի թուրքական կառավարություն և/կամ ազգայնական խմբեր»,- գրում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը վերջին տարիներին զարգացման տարբեր փուլերով է անցել: Այժմ ականատեսն ենք լինում սոցիալական մեդիայի միջոցով ժխտողականության դրսևորումներին: «Ժխտողականությունը մուտք է գործել թվիթերյան և առցանց հեռախոսային հարթակ: Եվ ցավալի է, որ այն հաջողություններ է գրանցում»,- նշում է Իրիգը: