Հայաստանի փրկության ապստամբությունը
Կառավարության գործունեության նպատակը մարդն է։ Նոր կառավարության ծրագրում տեղ գտած այս միտքը հաճելիորեն զարմացրել է շատերին։ Մի՞թե։ Իսկապե՞ս։ Վերջապե՞ս… Կառավարությունն այլևս աշխատելու է մարդու համար։ Իսկական հեղափոխություն։ Այս և այս կարգի այլ բացականչություններ հնչեցին ու երևի դեռ կհնչեն կառավարության ծրագրում տեղ գտած այդ գեղեցիկ արձանագրումի առթիվ։ Անգամ ձևակերպման մակարդակում այս արտահայտության հայտնվելը շատերին ոգևորել էր ու է, որովհետև այդ շատերը կամ բոլորը հասկանում էին ու են, որ Հայաստանի բոլոր կառավարությունները գործել են ոչ թե մարդու համար, այլ մարդու միջոցով ու մարդու հաշվին։
Բոլոր կառավարությունների համար մարդը, քաղաքացին եղել է միջոց, որը ծառայեցվել է զանազան նպատակների՝ արտաքին պարտքերի ներգրավման, դրամաշնորհների կպցման, վիճակագրության, ընտրություններում բազմակի քվեարկումների համար, վերջին հաշվով։ Ու երբ գալիս է կառավարություն, որը գոնե ծրագրի մակարդակում, գոնե հռչակագրորեն ամրագրում է, որ մարդը նպատակ է, իմա՝ միջոց չէ, առնվազն էսթետիկորեն հաճելի է։
Բայց լրիվ անկեղծ լինելու կամ օբյեկտիվ գտնվելու դեպքում պարտավոր ենք արձանագրել, որ կառավարության այս արձանագրումը, եթե անգամ ուղեկցվի գործողություններով, բավարար չէ, որպեսզի մարդը Հայաստանում միջոցից վերածվի նպատակի։ Ու սա այն քիչ դեպքերից է, երբ խնդիրը ոչ թե կամ ոչ միայն իշխանության, կառավարության հարթություններում է , այլ առաջին հերթին՝ հենց մարդու, քաղաքացու։ Իսկ քաղաքացին ցանկանո՛ւմ է արդյոք, որպեսզի իրեն վերաբերվեն ոչ թե՝ որպես միջոցի, այլ՝ որպես նպատակի։
Առաջին հայացքից պատասխանն ակնհայտ է՝ այո։ Բայց ավելի խորքում պատասխանն այդ առնվազն տարակուսելի է։ Որովհետև լինել քաղաքացի, լինել մարդ-նպատակ՝ նշանակում է՝ ոչ միայն ունենալ արժանապատվություն, այլև պայքարել դրա ոտնահարումների դեմ, ունենալ ոչ միայն իրավունքներ, այլև պայքարել դրանց իրացման համար, և ունենալ ոչ միայն իրավունքներ ու իրացնել դրանք, այլ ունենալ նաև պատասխանատվություն ու քաղաքացիական պարտավորություններ ու կատարել այդ պարտավորությունները։
Լինել մարդ-նպատակ, նշանակում է՝ ոչ միայն մեղադրել կաշառք վերցնողին, այլ նաև հրաժարվել կաշառք վերցնելու ու նաև տալու գայթակղությունից։ Դա նշանակում է՝ ընտրություններում քվեարկել ոչ թե՝ ասողի, համոզողի, տվողի, բաժանողի, այլ՝ խղճի մտոք: Ինչպես որ նշանակում է՝ պայքար ոչ միայն անարդարության՝ սեփական անձին վերաբերող դեպքերի դեմ, այլ ընդհանրապես՝ հանուն արդարության: Մարդ-նպատակ լինելը նվեր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Դա նաև, իսկ գուցե՝ առաջին հերթին, պատասխանատվություն է, որն ուղղակի ինչ-որ օրենքում գրված գործողությունների համար պատասխանատվություն լինելուց առաջ՝ պատասխանատվություն է՝ մարդ տեսակին ուղղված ցանկացած գործողության դեմ պայքարելու, չհամակերպվելու իմաստով:
Դա մարդ տեսակի արժանապատվությունը պաշտպանելու պատասխանատվություն է, ինչը նշանակում է՝ հրաժարվել բոլոր այն արատներից, որոնցից չհրաժարումը ու որոնցով ապրումն ապահովում է Հայաստանում լավ կյանքի, բարեկեցիկ ու հարգված կյանքի հնարավորությունը: Արդյոք ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանո՞ւմ է ու պատրա՞ստ է դրան: Արդյոք ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանո՞ւմ է և պատրա՞ստ է սպառողից՝ ստեղծողի, արարողի վերափոխվելու՝ այդպիսով պետությունը համաշխարհային ամենայնի սպառողից՝ աշխարհին գոնե ինչ-որ բան տվողի վերածելու համար:
Այս հարցերին պատասխանելու համար բավարար է պատմական էքսկուրս կատարել վերջին մի քանի համապետական ընտրությունների ուղղությամբ, հիշել Հայաստանում հանրային ընդվզման ալիքների պատճառ հանդիսացած խնդիրները:
Այդ էքսկուրսներն ու բոլոր այդ հիշողություններն ու համադրումները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը, ըստ էության, երջանիկ է իր՝ մարդ-միջոց կարգավիճակով, առավել երջանիկ է սպառողական հասարակության անդամ լինելու շարքայինությամբ: Հետևաբար՝ կառավարության ծրագրերն ու նպատակադրումները, եթե անգամ դրանք անկեղծ են ու ազնիվ՝ պարզ երկնքի նման, մնալու են ծրագրեր ու նպատակադրումներ այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին չի ապստամբել ինքն իր դեմ, չի ընդվզել իրեն օգտագործելու զանազան առիթների դեմ ու չի ինքնանվաստացել սպառող լինելու վիճակագրական իրողությամբ:
Դա ապստամբության այն տեսակն է, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ այսօրվա ճահճից, ու դա ապստամբության այն դրսևորումն է, որն իր նշանակությամբ անգամներով ավելին է բոլոր հեղափոխություններից ու իշխանափոխություններից:
Մարդու մասին արձանագրումներն ընդամենը ցանկություն են մնալու նաև այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերն ու նպատակադրումներն իրագործողների մեծ մասը նույնպես սպառողական հասարակության անդամներ են, որոնց ընդամենը բախտ է վիճակվել հայտնվել մարդկանց որպես միջոց օգտագործողների դերում, վերնախավում, այլ կերպ ասած:
Մարդը Հայաստանում բովանդակային իմաստով ոչինչ է: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ քաղաքացին նույնպես ինքն իրեն ու իր նմաններին համարում է ոչ թե՝ նպատակ, այլ՝ միջոց, որի հետ կարելի է անել ամեն ինչ՝ տարբեր հարցեր լուծելու համար:
Հարություն Ավետիսյան