«Ղարաբաղ Տելեկոմ»-ը կրկին իջեցնելու է մատուցվող ծառայությունների սակագները. վարչապետ
Հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից հերթական անգամ իջեցվելու են մատուցվող ծառայությունների սակագները:
Այս մասին նոյեմբերի 5-ին Տիգրանակերտում Արցախի և Հայաստանի հանրապետությունների վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կապի ոլորտում արդյո՞ք «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը չի խոչընդոտում էժան սակագների մատուցմանը՝ վարչապետը պատասխանել է, որ արցախյան շուկան շատ փոքր է, ինչն էլ հետաքրքրություն չի առաջացնում նոր կապի օպերատորների համար:
«Ղարաբաղ տելեկոմը» մինչև այսօր ներդրել է ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլլար՝ փաստաթղթով հիմնավորված: Եթե մենք ուզում ենք պետականացնել, կամ պայմանագիրը խզել, ապա պետք է փոխհատուցենք այդ գումարը: Կա՞ նման ընկերություն, կամ նման մարդ, որը պատրաստ է 70 միլիոն դոլլար ներդնել և տարեկան ընդամենը 2 միլիոն շահույթ ստանալ: Ես այսօր չունեմ դրա պատասխանը»,- ասել է վարչապետը:
Ա. Հարությունյանը նշել է նաև, որ ժողովրդի և կառավարության կողմից ինտերնետ-կապի որակի բարձրացման պահանջ կա: «Առաջիկայում ընկերությունը պետք է իրականացնի մի քանի միլիոն դոլլարի հասնող ներդրումներ, ինչի արդյունքում կփոխվի նաև մատուցվող ծառայությունների որակը»,- ասել է կառավարության ղեկավարը: