Բագրատ Ալեքսանյանն ավելի քան 3 ժամ կատաղի կռիվ է տվել թշնամու դեմ

«Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի օրերին Ջեբրայիլում հերոսաբար զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի ծնողներին:

Բագրատի հայրը՝ Արթուր Ալեքսանյանը, մեզ ուղեկցում է տուն, աստիճաններին մեզ սպասում է մայրը՝ Նարինե Ասրյանը. ասում է՝ մտե՛ք, էրեխեք ջան, հերոսի տուն եք եկել:

Ներս ենք մտնում, տեղավորվում հյուրասենյակում ու սկսում զրույցը: Տիկին Նարինեն ասում է՝ այնքան բան ունեմ ձեզ պատմելու, չգիտեմ՝ որից սկսեմ, Բագրատն այնքան բան է թողել ասելու. աշխույժ ու խելացի Բագրատը:

Հայրն ասում է, որ որդին դեռ փոքր տարիքից ավելի շատ մտերիմ է եղել իր հետ, վստահել իր բոլոր գաղտնիքները:

«Առաջին դասարանում սիրահարվել էր: Դե, երկրորդ դասարանում արդեն «գերազանցիկների պատին» փակցրել էին լավ սովորող երեխաների նկարները, Բագրատիս նկարն էլ կար: Այդ աղջկա նկարը հանել էր, բերել տուն: Մի օր եկավ, թե՝ պապ, բա գիտես էդ աղջկա նկարը հանել եմ,  շատ եմ սիրում իրեն: Դե, ես էլ ասացի՝ լավ բան չես արել, գոնե հետո ուսուցչուհուդ ասեիր, Բագրատը թե՝ բա ամաչել եմ: Բերեց տուն, մայրիկին էլ ստիպեց, որ շրջանակ գնի, ասում էր՝ ուզում եմ իմ սենյակում դնեմ… Մինչեւ այսօր էլ այդ երեխայի նկարը մեր տանն է»:

Բագրատը շատ կազմակերպված երեխա էր, էքսկուրսիաներին միշտմասնակցում էր,  սիրում էր ամեն ինչ ինքը կազմակերպել, բոլորին բացատրել:

«Էն, որ ասում են՝ ճուտը ձվում է երեւում, իմ Բագրատի մասին է… Շատ ժիր էր»,-ասում է մայրը: Հայրն էլ ավելացնում է. «Հա, պաշտպանում էր թույլերին, չէր սիրում, որ նեղացնում էին ուրիշներին: Ինքը շատ ուժով, թափով երեխա էր, նույնիսկ որ այս նկարներին նայեք, չեք ասի, թե նույն Բագրատն է, բայց երբեք այդ ուժը չէր սիրում օգտագործել, ամեն ինչ՝ միայն խոսքով: Հա, ինքը, կարծես, իր տարիքից մեծ լիներ՝ եւ իր չափերով, եւ՛ մտածելակերպով:  Մարդիկ տարիներով էին մեծանում, Բագրատս՝  ժամերով… Մտածելակերպն ուրիշ էր»:

Մայրն ընդհատում է, որդու նկարներից մեկն է ցույց տալիս ու հիշում.

«Էս մի նկարի մեջ առանց գոտու էր, ասում էր՝ գոտի է պատվիրել, որ բերեն, փորն այնքան մեծ էր. սպաներից մեկն էլ նայել, կատակով ասել էր՝ բան չկա, կմաշի, կմաշի… Ըտե՜նց փորեր ենք մաշել»:

Բագրատը 6-րդ դասարանից իր ուժերով քննություն է հանձնում ու տեղափոխվում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանին կից գործող հենակետային վարժարան, որտեղ  մի որոշ ժամանակ սովորելուց հետո որոշում է, որ խոհարար է դառնալու, ընդունվում է Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

«16 տարեկան էր Բագրատս, որ տեղափոխվեցինք Մոսկվա: Հենց այդ տարիքից սկսեց այնտեղ աշխատել: Մի հինգ ամիս աշխատեց շատ հայտնի սրճարաններից մեկում, իսկ հետո արդեն վարձակալությամբ վերցրեց այն ու սկսեց աշխատեցնել: Շատ աշխատասեր էր, գիշեր-ցերեկ աշխատում էր: Դուք մենակ տեսնեիք, թե իր այդ չափերով ինչպես էր էստեղից էնտեղ վազում, ամեն ինչ կազմակերպում: Բագրատս մեզ շատ էր օգնում այնտեղ, բանակ գնալուց առաջ էլ մի գումար դրեց սեղանին ու ասաց՝ էս ձեզ, պապ ջան, էնպես եմ թողել, որ հերիքի»,- պատմում է հայրն ու հավելում. «Ինչին որ ձգտում էր, հաստատ կհասներ ու կաներ»:

Մայրը կողքից՝ թե բա «Ռեյնջ Ռովեր» մեքենա էր ուզում գնել, ասում էր՝ մամ, գիտես ինչ գումարներ են, բայց գնելու եմ անպայման, և հաստատ կգներ:

Ծնողները Բագրատի մասին պատմելիս իրար հերթ չէին տալիս, մեկը պատմում էր, մյուսն այդ դրվագի վերաբերյալ մի նոր բան ավելացնում, ուզում էին ամեն ինչ ասել, եւս մեկ անգամ հիշել այդ բոլոր պատմությունները: Բագրատի ամեն լուսանկարը մի պատմություն էր… Ծնողները նայում էին նկարներին ու հերթով ներկայացնում՝ սա Բագրատի վերջին նկարն է զորամասից, այս մեկում մասնակցում է երդման արարողությանը: Սեղանին նկարների, պատվոգրերի ու շքանշանների հետ դրված էին երկու բջջային հեռախոս, ակնոց, ժամացույց ու դրամապանակ. իրեր, որոնք Բագրատը թողել էր նախքան Հայաստան վերադառնալը եւ ծառայության անցնելը:

«Գիտեք, ինքը կարող էր եւ չգալ, բայց ասաց՝ չէ, գնալու եմ բանակ, պարտքս տամ հայրենիքիս ու վերադառնամ: Ասում էր՝ անձնագիրս էլ պահեք, գնալու եմ,  ինչո՞վ եմ պակաս այնտեղ ծառայողներից: Մեր պապերը Ղարաբաղից են, ինքը սկզբունքայնորեն ասում էր՝ պիտի Ղարաբաղ գնամ ծառայելու, երկու տարին ինձ համար ի՞նչ է որ: Առաջին տարին ծառայությունից ազատեցին, ճարպակալում ուներ սրտի վրա, երկրորդ տարին ստիպեց, որ իրեն վերցնեն: Զինկոմիսարիատում Բագրատիս լավ են մտապահել, Բագրատս պատրաստվել ու գնացել էր, ասել էր՝ եթե չտանեք, ես իմ կամքով ուրիշ մեքենա եմ նստելու, գնամ»:

Տիկին Նարինեն ասում է, որ շատ կապված են եղել եղբայրներով, նույն զորամասում են ծառայել: Բագրատի եղբայրը՝ Սամվելը, մեկ տարի հետո է բանակ  զորակոչվել:

«Միակ բանը, որ մեզ չլսեց, երբ ասացինք՝ ուզում ենք այնպես անել, որ երկուսն էլ միասին բարձրանան դիրքեր, միասին իջնեն: Ասում էր՝ մյուս անգամ նման բան չասեք, այդպիսի բան չպետք է լինի, ես պետք է իջնեմ, Սամվելը բարձրանա, ինքը իջնի, ես բարձրանամ: Ասում էր՝ մամ, դուք Սամոյին ինձնից շատ չեք սիրում»:

… Ապրիլի 1-ին Սամվելն իջել է դիրքերից, իսկ Բագրատը՝ բարձրացել: Բագրատի հետ նույն դիրքում եղել է նաեւ նրա մանկության ընկերը՝ Տիգրան Բերակչյանը, ով նույնպես նահատակվել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

«Դեպքերի ժամանակ Հայաստանում ենք եղել: Ապրիլի 2-ին Մոսկվայից մեր բարեկամը զանգեց, ասաց՝ բա գիտեք՝ դիրքերում խառն է, ամսի 3-ին էլ իմացանք, որ Բագրատիս անունը անհետ կորածների ցուցակում է: Զանգեցինք տարբեր համարներով, որ ճշտենք:  Ախր, Բագրատս միշտ զանգում էր մեզ, որտեղ էլ որ լիներ, բայց մինչեւ ամսի 5-ը տեղեկություն չունեինք: Ապրիլի 6-ին գնացինք Ղարաբաղ: Այդ օրերին, որ դեռ ոչինչ չգիտեինք, Սամվելս զանգեց, ասաց՝ մամ, վրես հալ չկա, շատ ահավոր է, մի բան ուղարկի ուտելու: Ես էլ ամսի 2-ին արագ գնացի խանութ, զանգեցի Սամվելիս, որ հարցնեմ՝ ինչ է ուզում, ասաց՝ մամ, պետք չէ, էլ չզանգես: Մենք էլ զարմացանք, թե էս ինչ եղավ: Ամսի 1-ին Սամվելս, փաստորեն, իջել էր, լույս 2-ի առավոտյան նորից բարձրացել դիրքեր: Մեզ ոչինչ չէր ասել: Երբ արդեն  Ղարաբաղում էինք ու ամեն ինչ գիտեինք, զանգեց մեզ, մենք էլ իրեն ոչինչ չասացինք: Զանգեց՝ թե բա, մամ, տղերքն ասում են, որ ֆեյսբուքում Տիգրանի ու մի քանի տղաների նկարներն են, Բագրատից ի՞նչ նորություն ունեք: Ես ինձ հավաքեցի, ասացի՝ Սամվել ջան, դու քո ծառայությանը նայիր, Բագրատի հետ ամեն ինչ կարգին է, հանկարծ դիրքը չթողնես, գնաս եղբորդ փնտրելու: Վերջերս էլ անընդհատ ասում էր՝ ինչի՞ ինձ խաբեցիք: Ինքը ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց դե, հասկանում ենք, ինքը ուրիշ կերպ է այս ամենը տանում»:

Սամվելը եղբոր մասին իմանում է ապրիլի 11-ին, երբ վերադառնում է տուն:

«Ես տղայիս ասացի, որ լավ ծանոթ եմ գտել, 5 օրով ուղարկելու են արձակուրդ: Սամվելս ասաց՝ մամ, ինչ կլինի, ասա՝ գոնե թող հուլիսին ուղարկեն Բգոյիս զորացրվելու ժամանակ, իրար հետ գանք, համ էլ հիմա դժվար թե թողնեն:  Չգիտեմ՝ ինչպես էի ինձ զսպում: Չէր ուզում գալ, ասում էր՝ ոնց իմ զենքը, իմ «Ուրալը» թողնեմ… Բայց եկավ: Ճանապարհին զանգեց, ասաց՝ մամ, էս ինչ լուրջ ծանոթ եք գտել, որ թողեցին, գալիս եմ: Ընկերներին ուղարկեցի, որ գնան դիմավորեն, պատրաստեն: Մինչ օրս էլ հիշում ու ասում է՝ «Ուրալ»-իս մեջ հեռախոս էի թողել, Բգոն էր տվել. որ իմանայի, հետո կվերցնեի: Ես շատ ծանր վիճակում էի այդ օրերին, իրենց մոտից հրամանատարներ էին գալիս, սպաներ. դուրս եկա իրենց մոտ, ասացի՝ Սամվելիս ետ տվողը չեմ. եթե տանեք, ձեզ հետ չգիտեմ՝ ինչ կանեմ: Իմ տղան օրենքով զորացրվեց… Լավ է՝ օրենքից մի քիչ հասկանում էինք…»:

Բագրատի մայրը պատմում է, թե միայն վերջերս են իմացել, որ երկրորդ որդին հրաշքով է փրկվել:

«Տագնապի ժամանակ բոլոր զինվորները արագ-արագ լցվել են մեքենաները: Ճանապարհին ցեխ ու փոսեր են եղել, արագ վարելու ժամանակ փոսն են ընկել, մեքենան թեքվել է, քիչ է մնացել գլորվի: Հրաշքով ողջ են մնացել, կարողացել են կարգավորել իրավիճակը»:

Բագրատի ընկերները հաճախ են այցելում ծնողներին, պատմում Բագրատի, նրա արի մարտնչելու մասին: Բագրատի ընկերներից մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Արման Ավետիսյանն է, ում մասին ծնողները դարձյալ մեծ հպարտությամբ են պատմում:

«Բոլորն են ցնցված: Զորացրված ընկերները գալիս են մեր տուն, այնպիսի բաներ են պատմում: Իրենց դիրքից հետևել էին Բագրատին,  ասում են՝ դուք միայն տեսնեիք, թե ինչ կռիվ էր տալիս, ինչ ոգի ուներ: Բագրատս նռնակաձիգ էր: Մինչեւ վերջին փամփուշտը պայքարել է, ավելի քան 3 ժամ կռիվ է տվել: Բլինդաժի մի ծայրում ինքն է եղել, մյուսում՝ պատերազմում զոհված պայմանագրային ծառայող Անդրանիկ Գրիգորյանը: Ասում էին՝ ինքը վախ չուներ, կամավոր բարձրացել էր դիրքեր: Բոլորով դիրք են պահել մեր տղաները… Նույնիսկ Ռուսաստանից են ընկերները գալիս, այցելում մեզ: Իրենք էլ չե ն հավատում, որ Բագրատս զոհվել է: Նա շատ էր սիրում ընկերներին, վերջերս ենք իմացել, որ ինքը Ռուսաստանից բանակում ծառայող ընկերներին ծխախոտ էր ուղարկել, գումար, մեզ ոչինչ չէր ասել: Բանակից էլ ընկերների համար աշխատանք էր դասավորում Ռուսաստանում: Ինքն էլ ուզում էր բանակից գալ, տները կարգավորեինք, կյանքը դասավորեր սիրած աղջկա հետ»:

Բագրատի նկարներից մեկի կողքին դրված էր մի խաչ. մայրը պատմեց, որ միակ իրն է, որ իրենց է հասել Բագրատից, միակ բանը, որին թշնամին ձեռք չի տվել:

Բագրատի համար պատրաստված անկյունը զարդարում էր իր բանաստեղծությունների ժողովածուն, որի հրատարակությունն եղբայրն էր կազմակերպել եւ Եռաբլուրում նվիրել ծնողներին:

Բագրատը ստեղծագործում էր իրեն հատուկ ոճով, երազում էր, որ մի օր էլ կդասվի հայ գրողների շարքը, գրքեր կգրի, կտպագրի ու կհանձնի հանրության դատին:

Տիկին Նարինեն դարակից հանեց խնամքով դասավորված թղթերի մի կապոց. Բագրատի բանաստեղծություններն էին, որոնք չէր հասցրել արտագրել մի առանձին տետրում: Բագրատը միշտ էր գրում. կարեւոր չէ՝ զբաղված, թե ազատ,  տանը, թե աշխատավայրում, նույնիսկ բանակում օգտագործում էր հանգստի համար հատկացված ժամերն ու ստեղծագործում էր: Գրում էր ամեն ինչի մասին. «Արարատին», «Հայրենիքիս», «Կարոտ», «Ափսոսանք» եւ բազում նման վերնագրեր, որոնց կողքին հայտնվելու էին դեռ նորերը:

«Նրա համար չեմ ասում, որ իմ տղան է, բայց Բագրատս ուրիշ գաղափար ուներ, նման չէր իր հասակակիցներին: Խոսքերն ավելորդ են, որ նկարագրեմ որդուս: Այնպիսի մտքեր ուներ, այնպիսի բաներ էր գրում, որ դժվարանում էինք հասկանալ, մեր ուղեղում տեղավորել: Այս ժողովածուի մի օրինակ նվիրեցինք սիրած աղջկան, մեկը տվեցինք Ռուսաստանից ժամանած մեր հյուրերին, ուզում էին տանել, ցույց տալ բոլորին հերոսի բանաստեղծությունները, մյուսն էլ պահեցինք մեզ»:

Բագրատն իր տետրում առանձնացրել էր իր բանաստեղծությունները, համարակալել էջերը, կազմել ցանկ, իսկ մեկ այլ տետրում արտագրել էր հայ մեծ գրողների բանաստեղծությունները, ցանկի վերջում մյուս գրողների անունների կողքն ավելացրել էր՝ Բագրատ Ալեքսանյան: Հերոսը նույնիսկ խնամքով պահել էր փոքր տարիքում իր գրած բանաստեղծությունների սեւագրերը, որոնց վրա կարմիր գրիչով ուղղումներ էր արել ուսուցչուհին: Մայրը թերթում է տետրն ու ընթերցում որդու գրածներից մի քանիսը.

«Զինվորի կյանքը նման է վառվող մոմի, որ ամեն րոպե կարող է մարել»:

2015 թվականի դեկտեմբերի 31-ին բանակում ծառայության ժամանակ Բագրատը գրել էր. 

«Փոխանակ փոխեք սահմանի դրությունը, բռնել փոխում եք սահմանադրությունը. Հայաստան աշխարհ, ուշքի արի, զինվորներդ հետ չեն գալիս»:

Մայրն ասում է՝ դուք տեսեք, թե ինչեր է գրել Բագրատս.

«Հանդիպեցին մի օր սերը եւ ընկերությունը: Սերը թերահավատորեն ժպտաց եւ հարցրեց՝ ինչի համար ես դու, եթե կամ ես. ընկերությունը մի պահ լռեց ու կարծես ինքն իրեն մրմնջաց, որպեսզի ժպիտ թողնեմ այնտեղ, որտեդ դու արցունք ես ցանում»: Ահա մեկ ուրիշ գրառում.

«Ների՛ր ինձ, մա՛յր իմ, որ զենքը ձեռքիս դարձա ֆիդայի, որ մի նոր դարդ էլ բերի քո սրտին, քո քունը տարա առանց այդ էլ քո անքուն աչքերին, ների՛ր ինձ մայր իմ, որ տանջել եմ քեզ ծնված օրվանից, որ արցունքներիդ ակունքը դարձած՝ իմ Հայաստանին ես պաշտպան դարձա, ների՛ր ինձ, մա՛յր իմ, որ մեկ էլ տեսար, գնացի, չեկա»:

Տիկին Նարինեն բարձրաձայն ընթերցում էր որդու գրվածքները, ընթերցում դանդաղ ու հստակ, ցանկանում էր շեշտադրել եւ չանտեսել եւ ոչ մի բառ.

«Սրճարանում գործն ավարտելուց հետո հոգնած գալիս էր, ասում էր՝ մամ, էս գրածներս կարտագրես իմ տետրում, ասում էի՝ չէ բալես, դու քո ձեռքով: Ասում էր՝ մամ, դուք ինձ չեք ճանաչում, իմ մասին դեռ բոլորը կլսեն»:

Բագրատը բանակում օրագիր էր պահում, որը վերնագրված էր. «Աստված պահապան հայ զինվորին ու զինվորին սպասողներին»:  Ծնողներն անգիր գիտեին, թե որ էջին ինչի մասին է գրել իրենց որդին: Թույլ տվեցին, որ մի հատված էլ մենք ընթերցենք.

«Հինգ օր հետո Անժելը կդառնա 17 տարեկան, ինչ արագ են տարիները թռնում, ոնց որ երեկ լիներ, որ առաջին անգամ գնացի Անանենց տուն, երբ կատակով ես Հայկին ու Ռազուլին խփում էի ու էդ պահին Անան պապին ներս մտավ ու… Ու ինձ լարեց տնից, դրանից հետո մի շաբաթ վախենում էի մտնեի Անանենց տուն: Հըմ… Հիմա, երբ հիշում եմ էդ օրերը, ինչ տրամադրություն էլ, որ ունենում եմ, միանգամից ժպիտ է հայտնվում դեմքիս ու տրամադրությունս բացվում է… Անցած-գնացած լավ ու վատ օրեր, ամեն ինչ կտայի ձեզ ետ բերելու համար, ցավոք, հետո ենք գնահատում պահը, ժամանակը, երբ դրանք արդեն անցյալում են: Ապրում ենք անցյալով, անցյալում, ապագայով, ապագայում, բացի ներկայից ու ներկայով, չենք գնահատում ներկան, բայց երբ այդ ներկան դառնում է անցյալ, այ, էդ ժամանակ նոր հասկանում ենք ներկայի արժեքը, սկսում ենք գնահատել նորից անցյալն ու նորից մոռանում գնահատել ներկան… Արդեն նոյեմբերի 14-ն է,  օրը՝ ուրբաթ: Երեկ իմացա, որ դիրքերում ուղղաթիռ են պայթեցրել ադրբեջանցիները, բանից պարզվում է, որ երեք սպա են զոհվել, սիրտս տխրում է…»:

Տիկին Նարինեն տեղեկացրեց, որ դիմել են Մշակույթի նախարարություն եւ Գրողների միություն, որտեղից ասել են, որ կաջակցեն Բագրատի բանաստեղծությունները տպագրելու հարցում: Ծնողները սպասում են: «Բագրատիս միակ երազանքը դա էր»:

Հերոսի ծնողները եւս ընդգծում են, որ կցանկանային՝ բանակ գնալը բոլորի համար լիներ, անխտիր բոլորի երեխաները ծառայեին:

«Ես մի բան էլ ունեմ ասելու. այո, Ջեբրայիլի առաջնագծի 112 դիրքի բոլոր տղաներին պետք է շնորհեն «Մարտական խաչ» շքանշաններ: Դրանք, իհարկե, չեն տաքացնում, չեն մխիթարում, բայց եթե պարգեւատրում են, պետք է բոլորին պարգեւատրեն, արդարորեն: Էրեխեքով մենակ կռիվ են տվել: Ես ընդհանրապես ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, բայց շատ ցավալի է, որ ամեն ինչ այս կերպ է դասավորվում: Օրինակ՝ Քանաքեռ վարչական շրջանից հունվարի 28-ին շնորհակալագիր էին տվել բանակում երկու որդուս ծառայության, նրանց դաստիարակության համար: Բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ էս դ եպքերից հետո գային Սամվելիս մոտ, ձեռքը սեղմեին, ասեին՝ ի վերջո, ախպեր ես կորցրել, սահման ես պահել, քեզ համբերություն ու շնորհակալություն: Ինչո՞ւ պետք  է ամեն ինչ այսպես լիներ, որ նոր սկսեինք մտածել բանակում փոփոխությունների մասին: Ուզում եմ, որ մեղավորները պատժվեն, թեկուզ դա չբարձրաձայնվի ու թեկուզ ներքին կարգով, բայց թող պատժվեն»:

Բագրատը մորը միշտ ասում էր՝ աշխարհում վատ մարդ չկա, ամեն մեկն իր հոգու խորքում մի լավ գիծ ունի, այդ գիծն էլ պետք է գտնել ու դրանով առաջնորդվել:

«Աշխարհը մեզ շատ նեղացրեց. 8  ամիս է անցել այդ դեպքերից, մենք 8 վայրկյան չենք մոռացել Բագրատիս: Իր բանաստեղծություններից մեկում գրել էր, որ եթե ինչ-որ բան էլ պատահի իր հետ այս կյանքում, չի ուզենա, որ մենք լաց լինենք: Ամեն անգամ հենց լալիս եմ, մտովի դիմում եմ իրեն, ասում եմ՝ կներես, Բագրատ ջան, էլ չեմ լացելու: Ես հարգում եմ իր ընտրությունը. գուցե Բագրատիս առաքելությունն այն էր, որ 20 տարեկանում պիտի հերոսանար: Որդիս իր կյանքը տվեց բոլորի, մեզ, ձեզ համար: Եթե մտածեմ, որ նա զոհվել է, ուրեմն, իմ կյանքը կանգ է առել դեռ ապրիլից, բայց Բագրատս մեզ հետ է, մեր կողքին, ես դա զգացել եմ: Մի օր աչքս կպել էր, աչքերս փակ էին, բայց կարծես արթուն լինեի ու ինչ-որ մեկի շնչառությունը զգայի, կարծես մեկն ինձ համբուրեր: Չեմ կարողանում նկարագրել այդ պահը, բայց հաստատ գիտեմ՝  Բագրատս էր»:

Սյուզի Մուրադյան

Տեսանյութեր

Լրահոս