«Հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է». Վլադիմիր Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մասին

Նոյեմբերի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ:

Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը:

Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի  դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս»   ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:

Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ քննարկված երրորդ հարցի՝ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին:

Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների եւ դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ եղավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների,  երթեւեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման եւ մի շարք այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:

Տեսանյութեր

Լրահոս