Ջավախքի Վարձիա վանական համալիրում հրդեհը վնասել է 12-րդ դարի որմնանկարները
Վրաստանի հարավում՝ Ջավախքում գտնվող Վարձիա միջնադարյան վանական համալիրում նախօրեին տեղի ունեցած հրդեհը վնասել է 12-րդ դարի որմնանկարները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Այս մասին հայտնել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անտիձեն։
Նրա խոսքով՝ հրդեհն առաջացել է այն բանի հետևանքով, որ ինչ-որ մեկը վառվող մոմ է թողել տաճարի սեղանին, որտեղ մոմեր են վաճառվում։ Կրակն արագորեն տարածվել է մյուս մոմերի և սրբապատկերների ուղղությամբ, այրվել է նաև սեղանը։
«Հրդեհի հետևանքով տուժել են եկեղեցու եզակի որմնանկարները, դրանք ծածկվել են մրի շերտով»,- հայտնել է Անտիձեն։
Այսօր Վարձիա են ուղարկվել մասնագետներ՝ համապատասխան սարքավորումներով, որոնք պետք է որոշեն վնասի մասշտաբները։
Վանական համալիրում հրդեհի առաջացման փաստով հետաքննություն է սկսվել։