Երրորդմասցի Լյովիկի հայրը պահանջում է մահապատժի ենթարկել Գաստիկին, Ծըգլին և Տլեին. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) հայրը՝ Միհրան Ղազարյանը, մահապատիժ է պահանջում Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի համար:
Երեկ մեր զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Ղազարյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ազգային ժողով, որպեսզի երեք ամբաստանյալների դեպքում մահապատժի վերաբերյալ որոշում ընդունվի. «Ես պահանջում եմ պատժել ամենախստագույն ձեւով՝մահվան դիմաց՝ մահ, կյանքի դիմաց՝ կյանք: Դա ազգի փրկությունը կլինի: Եթե մահապատիժ չլինի, ապա պետք է առնվազն ցմահ ազատազրկում կիրառվի երեքի նկատմամբ: Ինչո՞ւ մեզ մոտ էլեկտրական աթոռ չի կիրառվում »,- ասաց Երրորդմասցի Լյովիկի հայրը: Նա լուրջ բացթողում համարեց այն, որ կարեւոր վկաների ներկայությունը դատարանում ապահովել այդպես էլ չհաջողվեց: «Որոշ վկաների ներկայությունը անհրաժեշտություն էր, բայց նրանք դատարան չներկայացան, հակառակ սրան հարցաքննվեցին այն վկաները, որոնք ըստ էության գործի համար արժեք չէին ներկայացնում: Մնացած մասով գտնում եմ, որ դատական ընթացքը ճիշտ է գնում»,-ասաց Միհրան Ղազարյանը:
Անցած դատական նիստին դատարանը հրապարակեց մի գրություն, համաձայն որի Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսա Արման Մադաթյանի եւ Երրորդմասցի Լյովիկի միջեւ 2014 թվականին վիճաբանություն է տեղի ունեցել: Այս վիճաբանության եւ հետագա գործողությունների մասին տեղեկացվել է թե՛ Թոխմախի Մհերը եւ թե՛ նրա որդին: Մեր դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է Մհեր Սեդրակյանի մասնակցությունը որդու սպանությանը, Ղազարյանը պատասխանեց, որ այդ մասով կարծիք չի կարող հայտնել. «Ես փաստեր չունեմ, եթե դրանք անչափահասներ լինեին, ես այդ հարցը առաջ կքաշեի»,-եզրափակեց Երրորդմասցի Լյովիկի հայրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: