ՀԱՊԿ-ն ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարություն է ընդունել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրացման անթույլատրելիությանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:

hapk

«Հաստատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը, մեր աջակցությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս