Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊԵԿ աշխատակիցը. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու և հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:
Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով ( ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: