«ԱՄՆ-Ռուսաստան խորացող առճակատումը Սիրիայում չի անդրադառնա ԼՂ հակամարտության վրա»

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը դադարեցրել են համագործակցությունը սիրիական հակամարտության շուրջ։ Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն Հալեպ քաղաքի վրա հարձակումը։ Ինչպես ցույց տվեցին սիրիական զարգացումները, Ռուսաստանը Սիրիայի կառավարական զորքերի հետ շարունակեց Հալեպի ուղղությամբ հարձակումը, ինչը հանգեցրեց համագործակցության կասեցման։ Այս հարցը շարունակում է մտահոգել միջազգային փորձագիտական հանրությանը, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ ռուս-ամերիկյան առճակատումն էլ ավելի կխորանա։«168 Ժամն»  այս մասին զրուցեց Մոսկվայի  «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոյի հետ։

– Պարոն Մալաշենկո, Սիրիայում Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության դադարեցումը խորացրեց երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը` շարունակվում են երկու երկրների պաշտոնյաների դիվանագիտական հեռակա «բանավեճերն» ու փոխադարձ սպառնալիքները։ Դեպի ո՞ւր է տանում այս առճակատումը և արմատապես տարբերվող դիրքորոշումները Սիրիայում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին։

– Իհարկե, ստեղծված իրավիճակը չափազանց ծանր է և լի բախման վտանգով։ Սակայն պետք է հասկանալ նաև այն, որ այսօր Սիրիայում գործում են հազարից ավելի իսլամիստական խմբավորումներ, որոնք բաժանվում են Ասադի և «Իսլամական պետության» կողմնակիցների միջև։ Այս պայմաններում ի սկզբանե նույնիսկ հասկանալի էր, որ համագործակցությունը և բանակցությունները չեն կարող ընթանալ այնպես, ինչպես հենց Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են նախատեսում։ Այնուամենայնիվ, ես բախումն ու պատերազմական սցենարները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բացառում եմ։ Ավելին` լիահույս եմ, որ համագործակցությունը կվերսկսվի, քանի որ սիրիական հակամարտությունը և ընդհանրապես ցանկացած հակամարտություն կարգավորման տարբերակ չունի առանց համագործակցության և առնվազն բանակցության։ Եթե չվերսկսվի համագործակցությունը, ապա սիրիական պատերազմը կշարունակվի ընդմիշտ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ համագործակցություն կլինի, ինչպես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում առաջացած ճգնաժամերի բոլոր փուլերում` համագործակցություն մշտապես եղել է։ Այսօր ևս ենթադրաբար պետք է լինի։

– Սիրիայում ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում։

– Ելք միշտ երևում է, բայց ոչ այսօր, քանի որ «Իսլամական պետությունը» շարունակում է չզիջել իր դիրքերը։ Այս պայմաններում խաղաղության մասին հնարավոր չէ խոսել նույնիսկ, եթե բանակցությունները միջազգային ձևաչափով վերսկսվեն։ Ելքն այն է, որ կողմերը հասկանան, որ այսպես ապրել այլևս հնարավոր չէ, չկա դրա ռեսուրսը, և այլևս չգնան բախումների և նոր հարձակումների։

– Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները Սիրիայում բավականին արմատական են և անզիջում։ Այս ֆոնին տեսակետներ են շրջանառվում, որ ԱՄՆ-ի հակադրությունը` Ռուսաստանին Սիրիայում թուլացնելու համար, ՌԴ-ն կփորձի այլ հակամարտ գոտիներում ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, խոսքը մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Ի՞նչ եք կարծում այս հնարավորության մասին։

– Սա չափազանցված մոտեցում է Ռուսաստանի քաղաքականության մասին։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հակասությունները հենց Սիրիայում էլ կմնան, քանի որ իրենք` կողմերն են այդպես ցանկանում` վախենալով հարաբերությունների հետագա սրումից։ Ուստի անհրաժեշտ կլինեն համագործակցության այլ «վայրեր»։ Չի բացառվում, որ դա լինի հենց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որն այդպիսի մի հարթակ է եղել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար վրացական պատերազմից հետո։ Այնպես որ, սա չի բացառվում։ Հաշվի առնելով ապրիլյան անսպասելի պատերազմը, որը չափազանց անցանկալի սցենար էր նաև Ռուսաստանի համար, այս հարցում միջնորդներն այլևս շատ զգույշ քաղաքականություն են որդեգրելու։ Կա ևս մեկ պատճառ` Ռուսաստանը չի անի նման բան, քանի որ Ռուսաստանին պետք չէ պատերազմ Կովկասում։

– Այսինքն` ըստ Ձեզ, հնարավոր է, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն արդյունավետությամբ միջնորդական առաքելություն իրականացնեն Ղարաբաղո՞ւմ։

– Այո, ես դա հնարավոր եմ համարում, քանի որ նախ` չկա հակադրություն Ղարաբաղյան հակամարտության շուրջ միջնորդների միջև, և երկրորդ` կա հարաբերություններում առաջացած լարումը թուլացնելու անհրաժեշտություն, որը կարող է տեղի ունենալ այս հակամարտության կարգավորման գործընթացում։

– Եվ այս պայմաններում ի±նչ արդյունքի կարող են հանգեցնել այդ ջանքերը։

– Ես այդ մասին շատ եմ խոսել։ Մոտալուտ էական արդյունքներ ես չեմ սպասում, քանի որ կողմերը կարծես դա չեն ցանկանում կամ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միջնորդների այս համագործակցությանը կարող է հաջողվել կարճաժամկետ խնդիրներ լուծել։ Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ, որովհետև բանակցային ներկայիս գործընթացին ծանոթ չեմ։

Տեսանյութեր

Լրահոս