«Հայաստանի խնդիրների լուծումը վատ տղերքին լավ տղերքով փոխելով չէ». Ալեքսանդր Իսկանդարյան

«Հուլիսյան դեպքերը հենց այնպես չեղան, նրանք ունեն նախապատմություն»,- այսօր Կովկաս ինստիտուտում Հայաստանում հուլիսյան դեպքերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ 2012-2013 թվականներից սկսած՝ բռնության հոտ է առնում։ Նա օրինակ բերեց Շանթ Հարությունյանի ակցիան։ Ալ. Իսկանդարյանի խոսքով՝ այն շատ նման է նրան, ինչ տեղի ունեցավ այս տարի Էրեբունիում՝ «մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել են պատահականորեն, ոչ այնքան հասկանալի ծրագիր ունեն և ի սկզբանե բռնության վրա են շեշտադրում»։

Ա. Իսկանդարյանը նկատեց, որ, եթե երկրում 10-100 մարդիկ ասում են, որ բռնությունից բացի՝ այլ ելք չկա, «հեռացնել վատ տղերքին՝ բերելով լավ տղերքին, կփոխվի իրավիճակը», կարող է առաջանալ ահաբեկչություն։

Ըստ նրա՝ իրավապահ մարմինների մեղավորությունը կա այս ամենում, որ լավ չեն կազմակերպել ամեն ինչ, բայց, նրա խոսքով,  եթե միայն դա լիներ պատճառը, ահաբեկչություն երբեք ու ոչ մի տեղ չէր լինի. «Իսկ Իսրայելում նույնպես վա՞տ են աշխատում, ինչպես մեզ մոտ, բայց Իսրայելում ավելի շատ ահաբեկչություն է լինում, քան մեզ մոտ։ իսկ Ամերիկայում է՞լ են վատ աշխատում, Ռուսաստանո՞ւմ էլ»։

Ա. Իսկանդարյանի խոսքով՝ այն, ինչ եղավ, կարելի էր կանխատեսել դեռևս Շանթ Հարությունյանից հետո։

«Ես տեսնում եմ մի խումբ մարդկանց, որոնք Երևանի սոցիալական կենտրոնն են։ Կա նման խումբ, որը տեսնում է երկրի խնդիրների լուծումն այդ տարբերակով։ 20 թե 40 հազար են, ես չգիտեմ։ Այդ խմբի շուրջ կան մարդիկ, որոնք պաշտպանում են նրանց դիրքորոշումները։ Չգիտեմ՝ այդ դիսկուրսն այլ մարզերում, առաջին գծում և այլ տեղերում կա՞, թե՞ ոչ»,- նշեց քաղաքագետը։

Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ՝ այդ ամենի պատճառները ոչ միայն չեն վերացվել, այլև չեն կարող վերացվել. «Չեմ կարծում՝ ընտրությունների որակն ուղղակիորեն ազդելու է հասարակության կողմից այդ ընտրությունների ընդունման վրա։  Ով կպարտվի այդ ընտրություններում, չի ընդունի այդ ընտրությունները, դա քաղաքական ավանդույթի մի մասն է։ Ոչ մի խնդիր Հայաստանում մի տարում չի կարող լուծվել, ոչ մի բարեփոխում չի կարելի անել մեկ տարում։ Մեկ տարում կարելի է PR անել, բերել նոր մարդկանց, ցույց տալ ինչ-որ բանի դեմ պայքարի ձևերը, թաքցնել այն մարդկանց, ովքեր հանդիսանում են  դրանց պատճառները, փորձեն փոխել անփոխելին։ Հայաստանի խնդիրները կարելի է լուծել ծանր, անդադար, երկար աշխատանքով, որը 10 տարում կարելի է անել, ոչ թե կես։ Եթե այդպես է, ուրեմն այդ խնդիրների լուծումը վատ տղերքին լավ տղերքով փոխելով չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս