«Թող լավ մտածեն ՀՀԿ-ականները, թե ինչպես են աշխատելու՝ ամեն րոպե զգալով «Լուսավոր Հայաստանի» շունչն իրենց ծոծրակին». Մանե Թանդիլյան
«Ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին բոլորի համար հայտնի ճշմարտությունը, որ ՀՀԿ-ն, հավատարիմ մնալով իր գործելաոճին, կանգ չի առել՝ մարդկանց ահաբեկելու միջոցով փոխելու քվեարկության արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Մ. Թանդիլյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ տեղեկություններ են ստացել, որ բոլորի վրա աշխատում են, մարդկանց ահաբեկել են՝ ընդհուպ մինչև քրեական գործեր հարուցելու աստիճան:
«Երբ նախնական 15 մանդատի սատարում ունեցող թեկնածուն առաջադրվում է 18 մանդատի սատարում ունեցող թեկնածուի հետ միասին, ինչի՞ն է նա ապավինում: Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել, որ բոլորի վրա աշխատում են, մարդկանց ահաբեկել են՝ ընդհուպ մինչև քրեական գործեր հարուցելու աստիճան: ՀՀԿ-ն, ինչքան էլ փոխի իր դեմքը, ինչքան էլ նոր էջերի մասին խոսի, երբեք չի փոխվելու, ու սա է փաստում ընտրությունների արդյունքը»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե այս պրակտիկան ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ համապետական ընտրությունների ժամանակ, որովհետև, փաստորեն, հասարակությունը ևս մեկ անգամ տեսավ, որ ընդդիմությունը չի կարողանում միասնական լինել, և իշխանություններին միշտ հաջողվում է հասնել իրենց ուզածին, Մ. Թանդիլյանը պատասխանեց, որ խոսքն ընդդիմության միասնական լինելու մասին չէ այս պահին:
«Խոսքն առանձին վերցրած 18 ավագանու մասին է, որոնց վրա ահռելի ճնշումներ են եղել: Թե հատկապես ում վրա և ինչ պատճառով է ազդել այդ ճնշումը, պարզ կլինի ավագանու հետագա գործունեությունից և քվեարկություններից: «Լուսավոր Հայաստանն» արել է ամեն բան, որ կոնսոլիդացնի հակա-ՀՀԿ-ական ձայները և 19 հազար մարդու քվեն տեղ հասցնի՝ ՀՀԿ-ին դարձելով ընդդիմադիր, ու սա վանաձորցու պատվերն էր»,- ասաց մեր զրուցակիցը:
Մ. Թանդիլյանը նշեց, որ պայմանավորվածությունը խախտողներին պարզելու բազմաթիվ տարբերակներ կան, ընդհուպ՝ մինչև այն գործողությունները, որոնք կծավալեն 3 խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը». «Բոլորի համար ամեն բան պարզվելու է, դա հարցականի տակ չի մնալու»:
Հարցին էլ, թե որո՞նք են լինելու «Լուսավոր Հայաստանի» քաղած դասերն այս ընտրություններից, Մ. Թանդիլյանը պատասխանեց, որ իրենց կուսակցության համար դասերի խնդիր չկա՝ այն պարզ պատճառով, որ ծանոթ լինելով Հայաստանի քաղաքական համակարգին և դրա գլուխ կանգնած ՀՀԿ-ին՝ իրենք նման ելքի պատրաստ էին:
«Ամեն բան կանեինք նույն կերպ, քանի որ մեզ համար առաջնային է եղել վանաձորցու հակա-ՀՀԿ-ական կամքը և Վանաձորի զարգացումը: Հակա-ՀՀԿ-ական կամքը կապիտալիզացնել չի հաջողվել, չնայած որ «Լուսավորն» իրենից ակնկալվող ամեն բան դրա համար արել է՝ ունենալով 19 հազար մարդու քվե և վստահություն: Իսկ վանաձորցին պետք է իմանա, որ հենց միայն նրա համար, որ ունի 10 մանդատանոց «Լուսավոր» ընդդիմադիր խմբակցություն, արդեն իսկ հաղթել է, և այլևս որևէ մեկն անպատիժ և գաղտնի չի մսխելու վանաձորցու հասանելիքը, և թող լավ մտածեն ՀՀԿ-ականները, թե ինչպես են աշխատելու՝ ամեն րոպե զգալով «Լուսավորի» շունչն իրենց ծոծրակին, եթե առհասարակ կարողանան աշխատել»,- նշեց Մ. Թանդիլյանը: