Երևանի պատվավոր քաղաքացիները շնորհավորում են 2798-ամյա մայրաքաղաքի տոնը
«Արևի քաղաք Երևան» կարգախոսին համահունչ՝ կարմիր, ծիրանագույն և սպիտակ հագած տոնում է ծննդյան 2798 ամյակը:
Տոնական օրը մայրաքաղաքին շնորհավորելուց անմասն չեն մնացել Երեւանի պատվավոր քաղաքացիները: Մայրաքաղաքի մշակութային գործունեության զարգացմանը մեծ ավանդ ունենալու համար՝ 2016 թվականին Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացածներից մեկն էլ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն է:
Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շատ է նվիրված իր մայրաքաղաքին եւ փոքր հասակից ինչով կարողացել նպաստել է վերջինիս գեղեցկության պահպանմանը: «Ես շատ եմ ոգևորվում քաղաքի ամեն մի անկյունում փակցված պաստառից՝ «Ավելի մաքուր Երևան», «Ավելի գեղեցիկ Երեւան» գրություններով: Կոչ եմ անում բոլորին ըստ արժանվույնս սիրել մեր մայրաքաղաքը և մաղթում, որ այն բոլորիս համար դառնա երջանկության քաղաք»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստը:
2015 թվականին Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացած կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ նշեց, որ Երևանն իր համար աշխարհի ամենալավ քաղաքն է՝ իր շենք-շինություններով, մարդկանցով: «Ինչքան էլ Երևանից արտագաղթեն, միևնույնն է, այստեղ մնում են մարդիկ, ովքեր պահպանում են Երևանի դեմքը: Եթե ամեն մեկը մեր քաղաքի «շենքում» մի քար ավելացնի, մենք կունենանք մեր երբեմնի երազած մայրաքաղաքը»,- հավելեց կոմպոզիտորը:
2000 թվականին Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն արժանացած ՀՀ օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանն էլ իր բարեմաղթանքն ուղղեց Երևանցիներին՝ ցանկանալով նրանց ուրախ և առողջ ապրել: Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանն առաջին անգամ արժանացել է գիտնական Վիկտոր Համբարձումյանը՝ 1983 թվականին:
Երևանի ծննդյան տոնն այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի զուսպ է նշվելու: «ԷրեբունիԵրևան 2798» տոնակատարության համար նախատեսված 130 միլիոն դրամից քաղաքային բյուջեից կծախսվի 65 միլիոն դրամը: Տեղի չեն ունենա Հանրապետության հրապարակի և Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող միջոցառումները: Մայրաքաղաքի տոնը, սակայն, կնշանավորվի 34 անուն բազմաժանր միջոցառումներով` Երևանի ամենատարբեր անկյուններում: Օրը կեզրափակվի տոնական հրավառությամբ:
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից: Այն պատմության մեջ 12-րդն է: Երևանը հիմնադրել է Վանի թագավոր Արգիշտի Ան՝ մ.թ.ա 8րդ դարում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակը, Երեւանը կդառնա 2800 տարեկան: