Բաժիններ՝

Մարդու կյանքի միջին առավելագույն տևողությունը 115 տարի է. ամերիկացի գիտնականներ

Ամերիկացի բժիշկները որոշել են մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը: Դրան նվիրված հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert հրատարակությունը:

Մարդու կյանքի առավելագույն միջին տեւողությունը (այսինքն՝ կյանքի առավելագույն տեւողությունը՝ միջինացված ըստ Երկրագնդի բոլոր երկարակյացների) կազմում է 115 տարի: Գիտնականների եզրակացությունների համաձայն՝ մարդու կյանքի բացարձակ առավելագույն տեւողությունը հավասար է 125 տարվա: Այն բանի հավանականությունը, որ մարդն այդ ժամկետից ավելի կապրի, կազմում է 0,0001 տոկոս:

Մասնագետներն այս եզրակացություններին են եկել՝ վերլուծելով 20-րդ դարում եւ 21-րդ դարի սկզբին մարդկանց կյանքի որակի բարելավման տեմպերը եւ կյանքի միջին տեւողության դինամիկան: Գիտնականների կարծիքով՝ մոտավորապես 1990-ական թվականներին մոլորակի վրա կյանքի միջին առավելագույն տեւողությունը դադարել է աճել, չնայած կյանքի որակի շարունակվող բարելավմանը:

Գիտնականների համոզմամբ, ինֆեկցիոն եւ խրոնիկական հիվանդությունների բուժման եւ կանխարգելման հետագա առաջընթացը կարող է բարձրացնել կյանքի միջին, բայց ոչ միջին առավելագույն տեւողությունը: Երկրի վրա երբեւիցե ապրած ամենատարեց մարդը, որի ծննդյան եւ մահվան տարեթվերը պաշտոնապես հաստատված են, եղել է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 1997 թվականի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի 5 ամիս եւ 14 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս